Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունը վիրահայոց համայնքում Print

Wnund-3Նորամուտ տարվա hոգևոր և ազգային տոների առաջնեկ Սուրբ Ծննդի և Մկրտության տոնակատարությունը վիրահայոց թեմում մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած ճրագալույցի Սուրբ Պատարագով, որին ներկա էին տեղի հայ համայնքի ղեկավար այրերը,   մտավորականության ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ, հավատացյալներ:

Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդը Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

 

wnund-6Հունվարի 6-ի առավոտյան Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ Պատարագին ներկա գտնվելու և Թբիլիսիի հայ ազգաբնակչությանը շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին:

Հավատացյալներին ուղղված իր խոսքում Սրբազան Հայրը շնորհավորանքի և երախտիքի խոսք ուղղեց նաև վրաց պաշտոնական անձանց՝ այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցի այցելելու և Քրիստոնեական տոները հայերի հետ միասին նշելու կապակցությամբ: Թբիլիսիի և ողջ Վրաստանի հայ ազգաբնակչությանը եկեղեցական հոգեթով տոների առթիվ շնորհավորեցին վրացի բարձրպաշտոնյա հյուրերը, որոնք գնահատելով թբիլիսահայության ներդրումն այս քաղաքի և այս երկրի բարգավաճման գործում, բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնակատարություններ եղան Սամցխե-Ջավախքի հայոց եկեղեցիներում, գլխավորությամբ առաջնորդական ընդհանուր փոխանորդ Բաբգեն Սալբիյանի: Տոները նշվեցին նաև Բաթումիի և Քվեմո-Քարթլիի հայ համայնքներում:

Քրիստոսի Սուրբ Ծննդով և Հրաշափառ Հայտնության հոգեպարար հույզերով և մեծ սիրով տոգորված հայ հավատացյալները մոմերով և օրհնված ջրով վերադարձան իրենց տները: