Ուխտագնացություն Թբիլիսի Print

1n

Ընդամենը երկու օր շարունակվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց շարժման անդամների ուխտագնացությունը Թբիլիսի:

Երեւանի եւ Արարատյան մարզի տարբեր եկեղեցիներն ընդգրկող այս շարժման 50 անդամներ, բոստոնահայ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ, Թբիլիսիի տեսարժան վայրերը տեսնելու եւ վիրահայ հավատացյալի հետ ավելի մոտ ծանոթանալու ու մերձենալու նպատակով, մայիսի 12-ին ուխտագնացությամբ ժամանեց Թբիլիսի:

Երիտասարդաց շարժման անդամները եղան Մցխեթայում, դիտեցին Ջվարին, Սվետիցխովելին, այցելեցին Ֆունիկուլյորի

n

Մամա Դավիթ եկեղեցին, գրողների եւ հասարակական գործիչների Մթածմինդայի պանթեոնը, հյուրընկալվեցին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, տեսան Նորաշեն, Կարմիր Ավետարան, Սուրբ Մինաս խոնարհված եկեղեցիները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց շարժման անդամները, ում գործունեության նպատակն է Առաքելական Եկեղեցու գաղափարների տարածումը, եկեղեցու շուրջ երիտասարդների համախմբումը, մայիսի 13-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կիրակնօրյա Ս. Պատարագից հետո, հանդիպեցին Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների հետ: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հյուրերին պատմեց վիրահայ եկեղեցասեր երիտասարդական շարժման գործունեության մասին, ներկայացրեց նրանց հուզող խնդիրները: Փոխադարձաբար հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Արարատյան Թեմի եւ Վիրահայոց Թեմի երիտասարդական շարժումների անդամների հրաժեշտի արտահայտություն դարձավ հայկական ազգագրական եւ ժողովրդական պարերի միասնական շուրջպարը:

Միասին լուսանկարվելուց, հասցեներ փոխանակելուց հետո հայաստանցի եկեղեցասեր երիտասարդական շարժման անդամները վերադարձան հայրենիք: