«Հայարտուն» մշակույթի կենտրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» Print

IMG 0017

Մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թեւածում էր   մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ այդ օրը թբիլիսահայությունը հնարավորություն ունեցավ   ունկնդրելու հայ տաղանդավոր երգահան, մաէստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնագրությունը: Երաժշտություն, որը հայ ժողովրդի դարավոր պատմությունը մտովի թերթելու, Ուրարտուն պատկերացնելու, հայ արվեստի գույները զգալու եւ   հայ   շարականների հմայքն ըմբոշխնելու ուժն ունի:

IMG 0038

Թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնությունը, անշուշտ, քաջածանոթ է Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը: «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը» եւ այլ ֆիլմերի համար գրած նրա ազգային շնչով երաժշտությունը սրտամոտ եւ հարազատ է հայ ունկնդրին:

Ուստի միանգամայն հասկանալի էր այն ջերմությունը, որով ընկալվեց «Ռեքվիեմը»,   ստեղծագործություն, որ նվիրված էր հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին եւ որը դարձավ արեւմտյան ոգով գրված հայկական ռեքվիեմի փայլուն նմուշ:

«Հայարտան» տեխնիկական հագեցվածությունը հնարավոր դարձրեց ունկնդրումից հետո ուղիղ կապ հաստատել մաէստրոյի եւ ներկա հասարակության միջեւ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծ վարպետը պատմեց այն երկարամյա եւ նվիրական աշխատանքի մասին, որ նա կատարել է «Ռեքվիեմը» ստեղծելիս:

Մաէստրոյին ողջունեցին եւ տարբեր հարցերով դիմեցին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, արվեստագետ Միքայել Գրիգորյանը, արձակագիր Արտեմ Գրիգորենցը, ուսանողուհի Աննա Շահբազյանը եւ ուրիշներ:

Դիմելով Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մեծ վարպետին միջոցառմանը մասնակցելու համար: Մաղթելով առողջություն եւ երկար կյանք, Սրբազան Հայրը   մաէստրոյին այստեղ Թբիլիսիում, «Հայարտանը» հանդիպելու ցանկություն եւ հույս հայտնեց:

Սրտառուչ երեկոն, որ կազմակերպել էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Լեւոն Չիդիլյանը, Պավել Օգանեզովը եւ Վալերի Բադալյանը, հանձին Տիգրան Մանսուրյան երաժշտի, դարձավ դասական արվեստի եւ արվեստագետի հետ շփվելու, երաժշտության, նաեւ   խոսքի ուժն ու հմայքը զգալու   իրատեսական հնարավորություն: