Ջազը որպես հանդուրժողականության ֆենոմեն Print

251913 228395233943963 1528564677 n

Սույն թվականի հունիսի 2-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հասարակական գործիչ Արտեմ Կիրակոզովի (Գրիգորենցի) նախաձեռնությամբ կայացավ «Ջազը որպես հանդուրժողականության ֆենոմեն» թեմատիկ երեկոն, որտեղ կազմակերպիչը հանդես եկավ վարողի եւ երաժշտի դերում:

Նրա խոսքերով այս մտահղացումը ծագել է Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի քարոզների ժամանակ, հաճախակի նրա կողմից լսելով   Վրաստանի ավանդական հանդուրժողականության հիշատակումը:Ստանալով աջակցություն Սրբազան հորից փոխադարձ համբերության եւ համաձայնության   գաղափարը ջազի օրինակով ցուցադրելու մասին, Ա.Կիրակոզովը իր   ջազային երաժիշտ ընկերներին առաջարկեց ելույթ ունենալ «Հայարտուն» կենտրոնում: Ջազը, որ ծագել է

484287 228395197277300 1465014983 n

Ամերիկայում աֆրիկյան եւ եվրոպական բազայի վրա, իր զարգացման տարիներին ենթարկվելով բազում փոփոխությունների, սակայն անփոփոխ է մնացել փոխըմբռնման տեսակետից:: Դրա շնորհիվ էլ երաժիշտները կարող են առանց նախապատրաստության, կոլեկտիվ հավաքվել եւ նվագել, այսպես կոչված, «ստանդարտներ», որոնք արդեն դարձել են «ջազային դասական»:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում ավագ սերնդի երաժիշտներ Ռոման Բրեգվաձեի (դաշնամուր, կիթառ), Արտեմ Կիրակոզովի (հարվածային գործիք), Զուրաբ Չիխորիայի (կոնտրաբաս) հետ հանդես եկան երիտասարդ երաժիշտներ Մարիաննա Կիրակոզովան (ջութակ), Արթուր Կրոմը (տենոր-սակսոֆոն), Պաատա Չարգեիշվիլի (փող): Ջովաննի Վեփխվաձեի, Ալեքսանդր Բերդիշեւի, Շալվա Պաչոշվիլիի, Էռնա Դոլմազովայի նկարները հմայք տվեցին երեկոյի ընդհանուր մթնոլորտին: Առանձնահատուկ էր երգահան եւ երգչուհի Նունու Գաբունիայի մանկական ստուդիայի սան, երիտասարդ տաղանդների հանրապետական մրցույթի դափնեկիր, 12-ամյա Լիզա Մազիաշվիլու կատարումը:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ բանաստեղծություններ նվիրված ջազին: Սեփական եւ Իրակլի Չարկվիանիի բանաստեղծությունների ռուսերեն եւ վրացերեն ընթերցմամբ հանդես եկան Արտեմ Գրիգորենցը եւ Գեգա Աբուլաձեն: Արվեստասեր հասարակայնությանը շրջանում հայտնի Նինա Կարապետյանը նախ ընթերցեց Գեւորգ Սնխչյանի հատուկ այս երեկոյին նվիրած հայերեն բանաստեղծությունը, իսկ այնուհետեւ կատարեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»՝ համանուն կինոֆիլմից: Երեկոյին հմայք հաղորդեց դաշնակահար Եսայի Աբովյանի կողմից Օսկար Պիտերսոնի երաժշտության կատարումը: Ջազային երաժշտության երեկոյին իր դաշնամուրային նվագակցությամբ միացավ նաեւ դաշնակահար Պավել Օգանեզովը: Իսկ պատմաբան Ենոք Թադեւոսյանը հանդես եկավ հատուկ զեկուցմամբ ետխորհրդային տարածքում ջազի պատմության մասին: Ջազային քննադատ եւ լրագրող Նոդար Բրոլաձեն եկեղեցական մշակութային կենտրոնում ջազի երեկոյի անցկացումը անվանեց խորհրդանշական, քանզի ջազի հիմքում դրված են նաեւ սպիրիչուէլսներ՝ աֆրո-ամերիկացիների կողմից Աստվածաշնչյան թեմաներով երգեցողություն:

Գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչին եւ բոլոր մասնակիցներին եւ վրաց հասարակայնության լայն զանգվածի ընդգրկումը այս միջոցառմանը անվանեց մտահղացման գաղափարի ակնբախ հաստատում: