Շառլ Ազնավուրը Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում Print

561998 258455744271245 1720983958 n

2012 թվականի օգոստոսի 15-ը   թբիլիսահայության կյանքում հիրավի դարձավ   պատմական:

Վրաստանի նախագահ   Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում  հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը,   Ախալցիխե ուղեվորվելու նախորդ օրը ,   Թբիլիսիում այցելեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը:

Չնայած օգոստոսյան կիզիչ արևին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու   աստվածաշնորհ տաղանդով և

562714 258455767604576 1852459388 n

ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, երգչին  եկեղեցու բակում դիմավորեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը:

Հինավուրց եկեղեցու   ներսում բարի կամքի դեսպանը, վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստան և Վրաստան աշխարհների բարեկամության և աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Սրբազան Հայրը  գնահատանքի և օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատև դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու և թբիլիսահայության հետ հանդիպելու   առիթը ձեռքից բաց չթողնելու համար:

Այնուհետև       Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով մեծ մարդասերին և   բարեգործին , Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը   հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է   թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Պարոն դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում   դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդին և այսօր հանդիպում է աշխարհահռչակ  հայ երգչին:

«Հայարտուն»մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի   բաժնի պատասխանատու Լևոն Չիդիյանը Շառլ Ազնավուրին և ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծաված գործունեությունը:

Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները  նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լեվոն Օսիպովը, երաժիշտ Լևոն Շահբազյանը: Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով:

Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք:

Ավելացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցիխեում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցիխեում առաջին անգամ հանդես կգա համերգով: