Սոնա Վան՝ ստեղծագործական երեկո «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Print

288104 244710528979100 2022809140 o

Սույն թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հերթական միջոցառումն էր՝ Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն: Օվկիանոսից անդին ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակցուհու պոեզիան իր արտահայտած համամարդկային գաղափարներով, հուզական աշխարհով եւ կանացի նրբագեղությամբ  հոգեհարազատ է ոչ միայն հայ, այլեւ թարգմանաբար նրա պոեզիայի հետ ծանոթ այլազգի ընթերցողների համար: Չորս ժողովածուների հեղինակ, ութ լեզուներով թարգմանված Սոնա Վան բանաստեղծուհու համար երեւույթ դարձավ բանաստեղծ-թարգմանիչ, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանի եւ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի թարգմանությամբ իր պոեզիան առաջինը վրաց ընթերցողին ներկայացնելը եւ նրա սիրուն ու գնահատանքին արժանանալը:

333311 244711322312354 1420415225 o

Եվ զարմանալի չէր, որ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ կազմակերպված ստեղծագործական երեկոյին տաղանդաշատ բանաստեղծուհուն հայ ընթերցողների հետ միասին մեծարելու էին եկել նրա պոեզիայի վրացի եւ այլ ազգի երկրպագուները:

Հեռավոր Լոս Անջելեսից հնչող Սոնա Վանի պոետական խոսքը նաեւ լույսի պոեզիա է, փախուստ մենակությունից   դեպի մարդիկ, որոնց  փրկությունը նրանց կողքին լինելու եւ նրանց բարություն տալու մեջ է – ահա այս է  բանաստեղծուհու հավատո հանգանակը, որ ներկայացրեցին բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Ռուզաննա Արիստակեսյանը:  

Բարձրարժեք եւ հոգեհարազատ, հուզական եւ զգայական, նաեւ կանացի ապրումների ճշմարտացիություն, որը երբեմն խախտելով ավանդականն ու արգելքի սահմանը արժեվորում է ժամանակակիցը, ցանկալին եւ անհասանելին- այսպիսի պոեզիայի համար իր խոնարհումն ու երախտիքը արտահայտեց գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը գնահատանքի իր խոսքով: Պոետական շնչով հագեցած երեկոյին ջերմ քնարականություն հաղորդեցին Նազի Սարջվելաձեի՝ Թինաթին Օնաշվիլիի նվագակցությամբ   վրացերեն եւ հայերեն  երգերի կատարումը, Ժաննա Դավթյանի եւ նրա թոռնուհի Ալեքսանդրա Դավթյանի մասնակցությամբ Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնի ելույթը, մենակատարներ Սվետլանա Տատոեվայի եւ Աննա Պողոսովայի շնորհաշատ երգերը, Իրինա Շեիկիշվիլիի կողմից Գիորգի Մամիսաշվիլիի կիթառի նվագակցությամբ Սոնա Վանի պոեզիայից հատվածների ընթերցումը, Վանո Մկրտչյանի դուդուկով նվագակցությունը:

Հավարտ երեկոյի գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սոնա Վանին անվանեց այն սակավաթիվ  ստեղծագործողներից, ով հաճախ է անդրադառնում Աստվածաշնչյան թեմաներին, եւ դա գալիս է բանաստեղծուհու հոգու աստվածային բնույթից, որը միավորում է Երկինքն ու Երկիրը:

Վերջում շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին եւ երեկոյի կազմակերպիչներին  իրեն եւ իր ստեղծած բանաստեղծական աշխարհը այդքան ջերմ ընդունելու համար, շնորհաշատ բանաստեղծուհին հայերին եւ վրացիներին բախտակից, իրեն հարազատ եւ մոտ ժողովուրդ անվանեց, իսկ բանաստեղծական պաթոսով, երգ-երաժշտությամբ հագեցած երեկոն՝ վառ հուշ իր կյանքում: