Վիրահայոց Թեմում հանդիսավորապես նշանավորվեց Թարգմանչաց տոնը Տպել

tt

Հունիսի 20-ին Վիրահայոց Թեմի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում նշանավորվեց Հայոց Եկեղեցու օրացույցով սահմանված Թարգմանչաց տոնը՝ Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը: Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն»

կենտրոնի հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և »Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժարանների սաները, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար-գործարար Ալեքսանդր Ութմազյանը, հոգևոր դասը, ծնողներ, մտավորականներ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչ քահանան՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը քարոզ ասաց Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի, հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրների սուրբ լույսով լուսավորվելու և նրանց օրինակով ապրելու մասին:

Հավարտ Պատարագի՝ Թեմակալ Առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Հայոց Եկեղեցու Գեղեցիկ տոնի՝ Թարգմանչաց օրվա կապակցությամբ: Անդրադարձ կատարելով Սփյուռքում հայերենի պահպանության և հայեցի դաստիարակության ազգանվեր գործին, Սրբազան Հայրը բարձր գնահատեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա Մարգարե» կիրակնօրյա վարժանների գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռում հայերենից կտրված տարբեր տարիքի հայորդիներին սովորելու մայրենին, վերադառնալու իրենց արմատներին:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը՝ հայերենով ապրելու, Հայոց Եկեղեցուն կապված մնալու պատգամով այս վարժարանների երկրորդ դասարանն ավարտած սաներին բաժանեց վարժարանն ավարտելու վկայական:

Շրջանավարտներին շնորհավորեցին և մայրենին սրբությամբ պահպանելու կոչ արեցին բարերար Ալեքսանդր Ութմազյանը, վարժարանների սաները, ծնողները: Վերջում «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում Վրաստանում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանի նորերս վախճանված հոր հիշատակին կազմակերպվեց երեխաների հյուրասիրություն:

 

IMGP5944