Օտարալեզու հայ երեխաների խոնարհումը Մայրենի լեզվին և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Տպել

100 

Ընթացիկ տարվա ապրիլի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների մայրենի լեզվին, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված միջոցառում, որը նաև խոնարհում էր Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին:

Բացեց միջոցառումը Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և տեղեկացրեց, որ միջոցառումը նախաձեռնել է հայերենի ուսուցման շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանը՝՝ «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան և դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), դուդուկի խմբակի (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան) հետ համատեղ:

Գրական-երաժշտական մոնտաժը՝ դպրոցի սաների մայրենի լեզվով անդրադարձն էր հայ ժողովրդի պատմությանը: Մեծարելով քերթողահայր Մեսրոպ Մաշտոցի հիշատակը, բանաստեղծական խոսքի միջոցով դեռահասները ներկայացրեցին պատմության պայքարաշունչ դրվագները, հասնելով մինչև Մեծ Եղեռնի տարիներ: Դպրոցի սաների սրտաբուխ և հուզումնալից արտասանությունը ներդաշնակվում էր երգչախմբի և անհատ կատարողների երգերին, շաղկապվում դուդուկի հոգեցունց մեղեդիներին: Հայերենից գրաճանաչ դարձած պատանիներն ու աղջիկները ներկաներին հիշեցրեցին ոչնչացման եզրին գտնվող ժողովրդի տառապանքները, դեմ առ դեմ հանդիպած արհավիրքն ու սպառնալիքը, մազապուրծ փրկվածների վերածնունդն ու հաղթանակած հայ ժողովուրդն իր մայր հայրենիքով, Արցախով ու քրիստոնյա հավատքով:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ջերմ և հայրենաշունչ միջոցառում ներկայացնելու համար, կոչ արեց միանալ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ միասին, ազգովի մեր նահատակներին հիշելու և Արդարություն պահանջելու իրավունքով:

Ամփոփելով միջոցառումը հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը արժևորեց հայ պատանիների վերադարձը իրենց արմատներին, ազգին, լեզվին ու քրիստոնյա հավատքին հավատարիմ մնալու կոչ արեց, պատգամելով կրթության բարձունքները նվաճելու կամք ու կորով՝ արժանավոր հայորդի լինելը հպարտությամբ ներկայացնելու համար:

DSC02582 DSC02579 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)