Ավետարանական - լյութերանական եկեղեցում միասնական աղոթք՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Տպել

aghotq 

2015 թվականի ապրիլի 18-ին, Վրաստանի Ավետարանական-լյութերանական Եկեղեցու Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոսի անվան տաճարում տեղի և Վիրահայոց թեմի հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: Հռոմեական-Կաթոլիկ Սուրբ Եկեղեցուց և Ավետարանական-Մկրտական եկեղեցուց հետո Ավետարանական-լյութերանական Եկեղեցին երրորդ քույր Եկեղեցին էր, որ կիսեց հայ ժողովրդի վիշտը և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում անցկացրեց:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը այստեղ էլ Եկեղեցու տարածքում կազմակերպեց Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրություն, որը մեծ հետաքրքրություն և սրտակցություն առաջացրեց դիտողների մոտ:

Միասնական աղոթքին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Կարեն Մելիքյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբությանը, մտավորականության ներկայացուցիչներ, Հայոց Եկեղեցու և Քույր Եկեղեցու հավատացյալներ:

Հիշատակի երեկոն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը ողջունելով ներկաներին, խոսք ասաց օրվա խորհրդի մասին, դատապարտելով եղեռնագործությունը, մարդկանց ոչնչացումը ազգային պատկանելության և հավատքին հավատարմության պատճառով:

Օրվա խորհրդին համապատասխան Աստվածաշնչից հատված ընթերցելուց հետո երկու Եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:

Այնուհետև Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես եկավ Հայոց Եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր սրտի ցավը սեփական բանաստեղծության ընթերցմամբ արտահայտեց բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը:

Հավարտ երեկոյի՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենին, բոլոր հավատացյալներին հայոց վիշտը կիսելու և քրիստոնեական սիրով ու ջերմությամբ հայ հավատացյալներին ընդունելու համար: Թեմակալ առաջնորդը երախտագիտությամբ խոսեց այն մասին, որ Գերմանիայի հոգևորականությունը ապրիլի 23-ին Մայր տաճարում աղոթելու է հայերի հետ: «Մենք միասին պետք է լինենք չարին դիմակայելու, նաև հաղթելու համար: Սա միասնական աղոթք է մեր զոհերի հիշատակի համար» իր խոսքն ավարտեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

Հիշատակի երեկոյին հնչեցին հայերեն և գերմաներեն հոգևոր երգեր լյութերանական և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով:

DSC02586 DSC02600 DSC02616 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)