Բուժակների ակումբը՝ գթասրտության նախնական աստիճան Տպել

IMGP03201 

2015 թվականի մայիսի 12-ին, Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեցին Վրաստանի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Հանդիպման նպատակը մարդու առողջապահության ոլորտն ընտրած Վրաստանի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողներին Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի շուրջը համախմբելն էր: Բաժնի՝ միջազգային ծրագրերի և ուսանողների հետ համագործակցության համակարգող Նինա Սերոպովան ուսանողներին ծանոթացրեց «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը, ներկայացրեց Թեմի երիտասարդական բաժնի այն նախագծերը և ծրագրերը, որոնք ուղղված են մարդկանց առողջության պահպանությանը, բարեգթության ցուցաբերմանը:

Ծրագրերի համակարգողը ուսանողներին բացատրեց հիմնավոր գիտելիքներ ստանալու կարևորությունը, ի մասնավորի արժևորելով լավ բժշկի, բուժաշխատողի ֆենոմենը, որի գրավականը տեսական գիտելիքները պրակտիկ գործունեության հետ շաղկապելն է: Բանախոսը հանդես եկավ բուժակների ակումբ ստեղծելու առաջարկությամբ, որի անդամները կունենան համապատասխան պրակտիկա անցնելու, հիվանդների հետ շփվելու հնարավորություն, ինչը իր հերթին կնպաստի նաև ապագա բուժաշխատողների մոտ բնավորության այնպիսի հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են բարեգթությունը, սրտակցությունը, օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Թբիլիսեցի ուսանողուհի Թամարա Սիմոնյանը ողջունեց ակումբ ստեղծելու նախաձեռնությունը և հայտարարեց, որ դա ճիշտ այն հարթակն է, որից բժշկական բուհի ուսանողները կարող են սկսել և զարգացնել իրենց կարիերան: Իսկ բոլնիսխաչենցի Արթուր Միքայելյանը նշեց, որ այս ակումբը կտա իրենց գործի արհեստավարժության ուղին գտնելու հնարավորություն:

Նախանշվեց, որ Բուժակների ակումբի անդամները պետք է ուշադրություն հատկացնեն միայնակ և կարիքավոր մարդկանց և ստացած տեղեկատվությունը փոխանակեն միմյանց հետ:

Ներկաները հավանություն տվեցին նախաձեռնությանը և ուսանողներ Թամարա Սիմոնյանին ու Արթուր Միքայելյանին ընտրեցին «Բուժակների ակումբի» համակարգողներ:

IMGP0281 IMGP0316 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)