Իռեն Ավակյանի մենահամերգը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին Տպել

iren 

2015 թվականի մայիսի 23-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ երիտասարդ երգչուհի Իռեն Ավակյանի «Աղաչանք» խորագրով մենահամերգը, որը դասական երգերի արհեստավարժ կատարողի կողմից Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչում էր:

Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով, դասական երաժշտության երկրպագուներով: Երաժշտական փայլուն կրթություն ստացած և լուրջ փորձաշրջան անցած երգչուհու մենահամերգի ունկնդիրներն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանորդ Կարեն Մելիքյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հասարակական գործիչ Սամվել Աղեկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, հայ և վրացի երաժիշտներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ծննդով Վրաստանի Խաշուրի քաղաքից, Թբիլիսիի Բալանչիվաձեի և Սարալիձեի անվան երաժշտական ուսումնարանների շրջանավարտը, ով իր ապագան տեսնում էր դասական երաժշտության մեջ խորանալու և ձայնային ունակությունները կատարելագործելու մեջ, երգի կատարողական վարժանք է անցել Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցում և փորձաշրջան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

Բազում համերգների, փառատոների և երաժշտական նախագծերի մասնակից երիտասարդ երգչուհու եկեղեցում տված անդրանիկ մենահամերգի ժամանակ ձայնային ելևէջների հստակ կատարմամբ, թովիչ ձայնով, կատարողական բարձր արվեստով հնչեցին Նարեկացու, Կոմիտասի, Եկմալյանի, Վիվալդիի, Կաչինի, Բախ-Գունոյի, Բզվանելու և Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Իր երախտագիտությունն արտահայտելով Վիրահայոց թեմի առաջնորդին, երգեհոնահար Կարեն Միրզոյանին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը, թեմի ողջ աշխատակազմին մենահամերգով հանդես գալու հնարավորության և ցուցաբերած աջակցության համար, Իռեն Ավակյանն իր հիացմունքն արտահայտեց «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի անդամ Հրաչյա Ասատրյանի հազվագյուտ ձայնային կարողության մասին և նրան հրավիրեց երգելու Կաչինիի «Ավե Մարիա»ն: Պատանու երգն ընդունվեց ջերմ ծափահարությամբ:

Մենահամերգն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի գնահատանքի խոսքով: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով Իռեն Ավակյանին բարձրակարգ համերգի համար, արժևորեց հայ ժողովրդի մշակութային կարողությունը, սերնդեսերունդ փոխանցվող տաղանդը, քանզի հայոց գենը կրկին փայլատակում է ողջ աշխարհում, իսկ արվեստի լեզուն ամենուրեք հասկանալի է: Սրբազան հայրը նշեց, որ Երկնքում հրեշտակներ դարձած նահատակների բարեխոսությամբ հայը աշխարհին ներկայանում է իր տեսակով՝ ստեղծարար, կառուցող, նաև տաղանդաշատ:

Միջոցառումն ավարտվեց «Ամէն. Հայր Սուրբ» շարականով և Տերունական աղոթքով:

DSC03158 DSC03175

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)