Պահպանենք նախնիների հիշատակը Թբիլիսիում Տպել

vera 

Հայ ժողովրդի պատմություն առարկան Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում չի դասավանդվում ո՝չ ծրագրային և ոչ էլ ֆակուլտատիվ մակարդակով: Այդ հարցի լուծման նպատակով պատկան մարմինների կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ, իսկ մինչ այդ Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ ձևավորվեց Պատմության խմբակ, որի անդամ դպրոցականները և ուսանողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմության էջերը:

Խմբակի գործունեության արձագանքը եղավ այն ընդարձակելու և Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային հուշարձանները ուսումնասիրելու առաջարկությունը: Այդ նպատակով որոշվեց պատմաթյան խմբակում ընդգրկել նաև ճարտարապետությունն ու մշակույթն ուսումնասիրող հայ ուսանողների, որոնց մասնակցությամբ կընթանան աշխատանքներ Թբիլիսիում հայկական հետքը պահպանելու ուղղությամբ:

2015 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի Հայոց պատմության և հայկական մշակութային հուշարձանների պահպանության ակումբի շնորհանդեսը, որին անդամագրվել են բարձրդասարանցիներ, Վրաստանի տարբեր բուհերի ճարտարապետության, դիզայնի, ճարտարագիտության ֆակուլտետներում սովորող հայ երիտասարդներ:

Ուշագրավ էր, որ նորաստեղծ ակումբի անդամները որոշեցին հաջորդ օրն ևեթ գնալ և բարեկարգել Թբիլիսիի Վերեի գերեզմանոցը, որտեղ հանգչում են բազմաթիվ հայազգի գործիչներ:

2015 թվականի մայիսի 24-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և աշխատակիցներ Նինա Սերոպովայի, Հովհաննես Շահնազարյանի առաջնորդությամբ ու Թեմի իրավական հարցերով բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և հասարակական գործիչ Յուրի Միկիրտումովի ուղեկցությամբ, շուրջ 30 երիտասարդներ, զինված անհրաժեշտ գործիքներով, ուղևորվեցին Վերեի գերեզմանոց: Խումբն ամբողջ օրը աղբակույտերից մաքրեց, խոտ ու տատասկից ազատեց և բարեկարգեց հայ ազնվատոհմ քաղաքացիների գերեզման- դամբարանները:

Վերեի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման:

Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:

Մինչև այժմ գերեզմանոցում պահպանվել են Եվրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդները, լավ գիտակցելով իրենց պարտքը նախնիների հիշատակի առջև, պատրաստակամորեն շաբաթօրյակներ են կազմակերպում ինչպես հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում, այնպես էլ Վերեի, Պետրեպավլեի գերեզմանոցներում, պահպանելով նախնիների հիշատակը այս քաղաքում:

Նման միջոցառումները շարունակական են և չեն սահմանափակվի միայն Թբիլիսիով:

IMGP0036 IMGP0068 

IMGP0076 IMGP0163 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)