Գ.Ղալամքարովի եւ Գ. Հարությունյանի ժողովածուների շնորհանդեսը Թբիլիսիում Տպել

318067 226501844133302 1686676837 n

Մայիսի 29-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, գրական եւ հասարակական գործիչ Արտեմ Գրիգորենցի նախաձեռնությամբ անցկացվեց միաժամանակ երկու տպագիր հրատարակությունների՝ թբիլիսեցի բանաստեղծ Գարրի Ղալամքարովի «Սրտի խորքից» վրացերեն բանաստեղծությունների ժողովածուի եւ Հայաստանի գրողների միության ռուսալեզու սեկցիայի անդամ Գրիգոր Հարությունյանի «Որտեղ Քուռը...Որտեղ իմ տունը...» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ Ղալամքարովի կենսական հետաքրքրությունները տարածվում են ընտրած մասնագիտությունից դուրս: Նրա ստեղծագործության ոլորտն է լիրիկան եւ անհանգստությունը հայրենիքի ճակատագրի համար, թեման՝ քրիստոնեությունը եւ բարեկամական էպիգրամման, ժամանակակիցների թարգմանությունները ռուսերենից եւ հայերենից:

Միջոցառմանը ներկա գտնվող թբիլիսյան լայն հասարակայնության ներկայացուցիչները մեծ ոգեւորությամբ ընկալեցին Գ.Ղալամքարովի բանաստեղծությունները: Նրա հասցեին ջերմ խոսքերով հանդես եկան բանաստեղծներ Դալի Ցուցկիրիձեն, նկարիչ Ջովաննի Վեփխվաձեն, Գուրամ Սոլողաշվիլին, կրթության ոլորտից գործընկերներ Ռեվազ Դոլիձեն, Նոդար Խիդաշելին, «Կալմոսանի» հրատարակության գլխավոր խմբագիր Խվիչա Խալիբեգաշվիլին: «Կույրերն առանց սահմանի» հասարակական կազմակերպության ղեկավար, բանաստեղծ Զուրաբ Խաչիձեն հաղորդեց, որ Գ.Ղալամքարովի այս ժողովածուն արդեն ընդգրկվել է Վրաստանի կույր քաղաքացիների հատուկ գրադարանում, որից օգտվում է յոթ հազար բաժանորդ:

Եւ եթե այս գիրքը Գ.Ղալամքարովի առաջնեկն է, ապա Գրիգոր Հարությունյանի գիրքը բոլորովին էլ առաջինը չէ: Այն ինքնակենսագրական է եւ նվիրված է Թբիլիսիին, որտեղ ծնվել է հեղինակը, անց է կացրել պատանեկությունը, ավարտել է 66-րդ միջնակարգ դպրոցը: Գիրքը լի է ջերմ հուշերով պատանեկության քաղաքի, իր տան, Պուշկինի փողոցի թիվ 19 տան մասին, որը նա, բնակվելով Երեւանում, չի տեսել արդեն 25 տարի: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվելով Գորկիի (Նիժնի Նովգորոդ) բժշկական ինստիտուտը, Գրիգոր Հարությունյանը փոխադրվում է սովորելու Երեւան: Սակայն բժշկի իր կարիերան նրան չխանգարեց: Տրվելով արվեստի առարկաներ, նկարիչների կտավներ հավաքելուն, նա դարձավ արվեստագետ, այդ բնագավառից գրեց մի քանի գրքեր եւ, մինչեւ գրողների միություն ընդունվելը, ընդունվեց Հայաստանի նկարիչների միություն: Մնում է հուսալ, որ այս կարճատեւ այցին կհետեւեն առավել հաճախակի այցելություններ Թբիլիսի, որոնց ժամանակ գրասեր հասարակայնությանը կհաջողվի ավելի խորը ծանոթանալ նրա ստեղծագործության հետ:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի ջերմ ընդունելությունը եւ տեղի հարմարավետ իրադրությունը ներշնչում են համոզմունք, որ բոլոր նոր հրատարակությունների նմանօրինակ շնորհանդեսները կնպաստեն տարբեր ազգերի գրական գործիչների, ինչպես նաեւ նրանց ստեղծագործությունների երկրպագուների համախմբմանը: