Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքը հոգևոր երգի էկումենիկ համերգին 19 ապրիլի, 2018 թվական, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի Տպել
Հոդվածներ

erg

Սիրելի Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ Հայրեր,

Պետական և հասարակական գործիչներ,

Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

Քույրեր և եղբայրներ,

Հյուրընկալ Վիրահայոց թեմի և Վրաստանի էկումենիկ կրոնական խորհրդի անունից ջերմորեն ողջունում ենք բոլորիդ և հայտնում մեր ուրախությունն ու շնորհակալությունը այսօրվա երեկոյին մասնակցելու համար: Հոգևոր երաժշտության այսօրվա երեկոյի խորագիրն է «Սիրեցեք միմյանց» (Հովհ. 13:34, 15:17): Այն կոչ է ընդդեմ բռնության և ատելության: Անհանդուրժողականությունը, ատելությունը, սիրո բացակայությունն էր պատճառը, որ 103 տարի առաջ իր բնօրրանում ապրող հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից՝ դառնալով մարդատյացության զոհ: Ցեղասպանության ենթարկվեց նաև եզդի ժողովուրդը, այդպիսին էր երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեա ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որը հետո հասավ մեր օրերը՝ Ռուանդա և այլ վայրեր:Հայ ժողովրդի և քրիստոնյա մեր հանրության բողոքը ընդդեմ ցեղասպանության և ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչը մեկ նպատակ ունի. կանխել նման ոճրագործությունները աշխարհի որ անկյունում էլ լինի: Որպեսզի կանայք ու երեխաներ չսպանվեն, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի գեղեցիկ...

Այսօրվա մեր հոգևոր երգեցողության նպատակը մարդկանց բարություն, սեր, ներողամտություն, համբերություն, բարեսիրություն ներշնչելն է: Այն ամենը, ինչ քարոզում են աշխարհի բոլոր կրոնները, ի մասնավորի՝ մեր դավանած քրիստոնեական հավատքը: Այսօրվա հոգևոր երաժշտության համերգին մասնացկում են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալյան» և Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբերը, Վրաստանի կաթոլիկ եկեղեցու Թբիլիսիի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու երգչախմբերը, Վրաստանի ասորական-քաղդեական կաթոլիկ եկեղեցու Մար Շիմոն Բար Սաբբաէ եկեղեցու երգչախումբը, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու Թբիլիսիի Հաշտեցման եկեղեցու «Գլորիա» երգչախումբը, Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Թբիլիսիի Խաղաղության առաջնորդանիստ եկեղեցու «Քորալի» երգչախումբը:

Հոգևոր երգչախմբային երգեցողության երեկոյի ավանդությունը Վրաստանում դրվել է մի քանի տարի առաջ և հիմա նպատակ կա այն շարունակելու: Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, նշված եկեղեցիներում հերթականությամբ կատարվում է էկումենիկ աղոթք, և տվյալ եկեղեցին հանդիսանում է այդ տարվա Վրաստանի էկումենիկ կրոնական խորհրդի նախագահողը: Նույն խորհրդի՝ հունվար ամսվա ժողովից հետո որոշում կայացվեց ամեն տարի, Սուրբ Հարության տոնից հետո անցկացնել հոգևոր երաժշտության երեկո: Հոգևոր երգերի բազմազանությունը, տարբեր լեզուներով կատարումը առավել գեղեցկացնում և ինքնատիպ է դարձնում մեր եկեղեցիներում տարբեր կրոնական տոների և արարողությունների ժամանակ հնչող շարականները, մեղեդիներն ու տաղերը: Այն մեզ տեղափոխում է դեպի դարերի խորքը, երբ արարվում էին այս ստեղծագործությունները և տարբեր առիթներով հնչում էին պատմական տաճարներում, թագավորական պալատներում և գեղջկական պարզ եկեղեցիներում: Այս երգեցողությունը նման է գարնանը բնության մեջ ծլարձակող տարբեր ծաղիկների գույների և բույրերի բազմազանությանը, բազմերանգությանը, որ զարդարում է մեր միջավայրը:

Հայ Առաքելական Եկեղեցին պատմության բոլոր ժամանակահատվածներում ապրել և գործել է կրոնական և միջկրոնական ու դավանական երկխոսություններով ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մուսուլմանական, հուդայական և այլ կրոնների հետևորդների հետ: Դեռևս 12-րդ դարում Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշակի փոփոխություններ կատարեց Հայ Եկեղեցու դավանանքի մեջ՝ այն ավելի մոտեցնելով Օրթոդոքս և Կաթոլիկ եկեղեցիների դավանանքներին, որի նպատակն էր զարկ տալ քրիստոնեական եկեղեցիների երկխոսությանը և միասնականությանը: Այսօր էլ Հայ Եկեղեցին էկումենիկ շարժման մաս է կազմում և իր աշխարհասփյուռ թեմերով ու նվիրապետական աթոռներով շարունակում է ինչպես միջդավանական հաղորդակցությունը, այնպես էլ այլ կրոնական համայնքների հետ երկխոսությունը: Այս ամենի խոսուն վկայությունը այսօրվա մեր միասնական աղոթքը, միասնական հոգևոր երգերի հնչողությունն է Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի Մայր Տաճարում:

Թող այսօրվա երեկոյին հնչող բազմադարյան մեղեդիներն ու շարականները, որպես աղոթք, դեպի երկինք բարձրանան, ու մեր Տեր Հիսուս Քրիստոս թող խաղաղություն պարգևի բոլորիս հոգիներին, սեր ու ջերմություն բերի մեր սրտի ու մտքի մեջ: Ու շարունակենք սիրել միմյանց, փայփայել, քանի որ յուրաքանչյուրիս մեջ բնակվում է Ինքը՝ Աստված:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)