Վիրահայոց թեմի առաջնորդը Մոսկվայում մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Տպել
Լուրեր

18446787 

2017 թվականի մայիսի 16-18-ը Մոսկվայում, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովին մասնակցում էր նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար:

Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերին ընդառաջ Մոսկվայում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Տեղեկացնելով, որ այս տարի լրանում է Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը և որ հոբելյանական տարվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին՝ Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների անունից շնորհավորեց թեմակալ առաջնորդին Ռուսաստանի օրհնյալ երկրում Հայոց Եկեղեցու սպասավորության 300-ամյակի առիթով՝ մաղթելով նաև, որ Տերը զորավոր պահի դարավոր բարեկամությունը հայ և ռուս ժողովուրդների և երկու Եկեղեցիների ու պետությունների գործակցությունը։

Արդյունավոր աշխատանք մաղթելով հոգևոր խորհրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Աստծու օգնականությունը հայցեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա նվիրյալ սպասավորներին։

Եռօրյա ժողովի ընթացքում քննության առնվեցին կանոնադրական, թեմական, ազգային ու հասարակական բազմաբնույթ հարցեր:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը։ Հանգամանալից քննությունից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց կատարված աշխատանքը և թելադրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հաստատված նախագիծը ներկայացնել հունիս ամսին գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին։
2017 թ. հունիս 6-9-ը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայանալիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ ԳՀԽ անդամները, գնահատանքով ընդունելով կատարված աշխատանքը, նաև իրենց թելադրությունները կատարեցին ժողովի առնչությամբ։
Ժողովին զեկույցով հանդես եկավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ ներկայացնելով Պատրիարքությունում տիրող բարդ իրավիճակը։ Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն հայտնեց Հայոց Պատրիարքությունում ստեղծված կացության առնչությամբ, զորակցություն հայտնեց Պատրիարքական տեղապահին, հորդորելով Պատրիարքության հոգևոր դասի և ազգայինների հետ գործակցությամբ ջանքեր ներդնել պետական պատկան կառույցների հետ ստեղծված կացությունից բարվոք լուծումներ գտնելու համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ նաև 2018 թվականին Երիտասարդության տարվա տոնախմբությունների հետ առնչված ծրագրերը։ Դեռևս 2016 թվականի ԳՀԽ նյույորքյան ժողովի ժամանակ որոշում էր կայացվել 2018 թվականը հռչակել իբրև Երիտասարդության տարի։
Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ առանձին տարածաշրջաններում նախատեսվում են երիտասարդական հավաքներ ու միջոցառումներ, հուլիս ամսին աշխարհասփյուռ թեմերի երիտասարդների մասնակցությամբ կկազմակերպվի նաև եռօրյա մեծ ուխտագնացություն դեպի Հայաստան և Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Եռօրյա հավաքը կավարտվի Հայրապետական Ս․ Պատարագով։
ԳՀԽ եռօրյա ժողովի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մասին զեկույց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում անցկացնելու համար։
Եզրաս Սրբազանը, համառոտ պատմական ակնարկ կատարելով Ռուսաստանում հայոց թեմի հաստատման մասին, ներկայացրեց թեմի ներկայիս գործունեությունը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով թեմի կողմից իրականացվող բազմաբնույթ ազգաշահ և եկեղեցանպաստ ծրագրերի կապակցությամբ։

Ժողովականները Աստծո զորակցությունը հայցեցին առաջնորդ Սրբազան Հորը և հոգևոր դասին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության մեջ։ Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով։

Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի շրջանակներում, խորհրդի անդամների և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գարեգին Բ Հայրապետն այցելեց Սուրբ Պայծառակերպություն տաճար։ Եղան առաջնորդանիստ եկեղեցական համալիրում, որն իր զանազան կառույցներով հայրենիքից հեռու ապրող հայերի համար դարձել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կյանքի կենտրոն։
Հյուրերը ներկա գտնվեցին համալիրի տարածքի «Տապան» թանգարանում թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված՝ հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին թեմին նվիրաբերված հայ անվանի նկարիչների 23 կտավ և 4 քանդակ։  Ցուցահանդեսի բացման առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից հանձնվեց ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Այն հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։ Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր դասի և Ռուսաց լեզվի ակադեմիայի ներկայացուցիչներ։ 

18485998 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)