Ջովաննի Վեփխվաձե – անհատական ցուցահանդես, գրքի շնորհանդես և հիշատակի երեկոն Տպել
User Rating: / 0
PoorԼավագույն 

a1 

2017 թվականի հունիսի 3-ին ասեղ գցելու տեղ չկար Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Այստեղ էին հավաքվել տարբեր ազգի ու ազգության, տարբեր կրոնի ու հավատքի Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության  ներկայացուցիչները: Հին թիֆլիսյան գունեղ  կոլորիտն արտացոլող մեծավարպետ Ջովաննի Վեփխվաձեի հիշատակի երեկոն էր, որ ներառել էր  ճանաչված նկարչի ետմահու անհատական ցուցահանդեսը և  հուշագրությունների երրորդ գրքի շնորհանդեսը:  

«Անցած տարիների ժամանակագրություն»- ահա այս խորագիրն էր կրում շուրջ 30 կտավ  ներկայացնող ցուցահանդեսը, որը հիմնականում  հեղինակի Թբիլիսիի նկատմամբ մեծ սիրո  արտահայտությունն էր, քաղաքի մոռացված բազմազգ տեսքի վերարտադրությունը: Դրանք քաղաքի տարբեր տեսարաններ, թաղամասեր, արհեստանոցներ, բակեր ներկայացնող այն կտավներն են, որոնք պահպանվել են կամ հին լուսանկարների, կամ տարեց թբիլիսեցիների հիշողության մեջ: Տաղանդաշատ  նկարչի աշխատանքները, որոնք փառահեղորեն զարդարել էին սրահի պատերը, հիացմունք  ու ափսոսանք էին առաջացնում անժամանակ կյանքից  հեռացած Թբիլիսիի իսկական քաղաքացու համար:
 Ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպել էր նկարչի ընտանիքը:
Միջոցառմանը իր պատվաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բացելով ցուցահանդես ընդգծեց, որ թեև տաղանդաշատ նկարիչն իր կյանքի ընթացքում մասնակցել է բազում ցուցահանդեսների ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սակայն Ջովաննի Վեփխվաձեի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է այս դահլիճում, նրա երկու  մենագրությունների շնորհանդեսները տեղի են ունեցել այս կենտրոնում: Ցավով նշեց, որ այս ցուցահանդեսը դարձավ ետմահու՝ առանց  ճանաչված նկարչի ներկայության և անկեղծ հումորախառն և սիրալիր խոսքի:
 Վրաստանի հայ նկարիչների  միության նախագահ Իռեն Օհանջանովան, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, արվեստագետ Ալեսյա Թավաձեն, լրագրող Նոնա Մոսեսովան, բանաստեղծուհի Մարինա Խոմելաձեն, Լևոն Օսիպովը, Իգոր Նագորնին և ուրիշներ, իրենց ելույթներում  անդրադարձ կատարեցին Ջովաննի Վեփխվաձեի   ստեղծագործական կյանքին,  արժևորեցին  նկարիչների ցեղի երրորդ սերունդը լինելու հանգամանքը, Թբիլիսիի մարող կոլորիտը պահպանելու և նկարների   միջոցով սերունդներին  փոխանցելու նրա նվիրումը:
Ջովաննին, բացի գույների միջոցով իր մտացածը արտահայտելու  մեծ ունակության, նաև գեղարվեստական գրչի մեծավարպետ էր: Նկարչի պատմությունները, որոնք նաև  հին Թբիլիսիի կյանքին շաղկապված իրողություններ են, մնացին թբիլիսեցիների հիշողության մեջ նրա   հուշագրությունների երեք գրքերի շնորհիվ, որից մեկը հրատարակվեց ետմահու:  

Գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Բարու և սիրո մեծ զգացումով օժտված,  տաղանդաշատ Ջովաննին  արվեստասեր հասարակայնության հուշերում  կմնա իր անկրկնելի կտավներով, հիասքանչ մենագրություններով, հումորախառն խոսքով, իր ազնիվ ու համեստ բնավորությամբ, արվեստին նվիրված իր զավակներով: Թեև  Ջովաննին այսօր ֆիզիկապես  այստեղ չէ, սակայն  նրա հոգին այստեղ է, իր օրհնությունը բերելով ներկաներին, իր խոսքում ընդգծեց Սրբազան Հայրը:  
Ցուցահանդեսի կազմակերպման,  հուշերի գրքի  շնորհանդեսի և  Ջովաննիին հիշելու համար երախտագիտության խոսք ասաց  նկարչի այրին՝ տիկին Մարինա Վեփխվաձեն:
Միջոցառման ընթացքում հնչեց Ջովաննի հումորախառն  խոսքի ձայնագրությունը, ցուցադրվեց  հատված  տաղանդաշատ նկարչին, գեղարվեստական խոսքի  մեծավարպետին, իսկական –մարդ քաղաքացուն  նվիրված վավերագրական ֆիլմից:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև  հունիսի 20-ը:

IMG 0903 IMG 0927 IMG 0943 IMG 1000 

IMG 1116 IMG 1014 IMG 1193 IMG 1246 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)