Շնորհակալագրեր կամավորական դասընթացների մասնակիցներին Տպել
Լուրեր

IMG 3920 

2017 թվականի հունիսի 7-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողների և 1+4 ծրագրով վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողների հետ:

Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ներկայացրեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան համալսարանի սոցիալական քաղաքականության և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Մալխասյանին և Ստեփան Էվաջյանին: Վերջիններիս նախաձեռնությամբ ընթացիկ տարվա մարտ ամսից թեմում մեկնարկեցին վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողներին բակալավրիատի ծրագրով ուսումը շարունակելու նպատակով անհրաժեշտ ունակություն-հմտությունների զարգացման հավելյալ դասընթացները: Նպատակը հայ երիտասարդներին ընդունելության քննությունների ժամանակ մասնագիտական առարկաները վրացերեն հանձնելու հարցում օգնություն ցուցաբերելն էր:

Շուտով նախաձեռնությանը միացան Թբիլիսիի մյուս բուհերի հայազգի ուսանողները, ինչպես նաև երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան: Դասընթացները ընթանում էին չորս ուղղությամբ. բժշկական, իրավաբանական, տնտեսագիտական և հումանիտար բաժիններ ընդունվելու համար:

Օր-օրի ավելացավ նախապատրաստական դասընթացների մասնակիցների թիվը: Շուրջ 70 հայ երիտասարդներ մասնակցում էին շաբաթական մեկ անգամ կազմակերպվող դասընթացներին ինչպես «Հայարտուն» կենտրոնում, այնպես էլ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:

Դասընթացների ավարտին նվիրված հանդիպմանը ելույթ ունեցան մասնակից զրոկուրսեցիները: Նրանք իրենց երախտագիտությունը և գոհունակությունը հայտնեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնին և դասընթացների հեղինակներին ցուցաբերած օգնության համար, քանզի իրենց հնարավորություն ընձեռվեց ավելի հանգամանալից իրազեկվել առաջիկա քննությունների մասին և վրացերեն լեզվով խորանալ առարկայական գիտելիքների մեջ:

Առաջարկություն եղավ շարունակել նույն ձևաչափով կամավորական դասընթացները և Վիրահայոց թեմի օժանդակությամբ պատրաստել հատուկ բուկլետներ և տարածել տարածաշրջաններում ապագա դիմորդներին դասընթացների մասին տեղեկատվություն հաղորդելու նպատակով:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը բարձր գնահատելով հայ ուսանողների նախաձեռնությունը և վրացերեն կրթություն ստանալու հարցով հայազգի երիտասարդներին ցուցաբերած օժանդակությունը, դասընթացները վարող տարբեր բուհերի 16 ուսանողների բաժանեց շնորհակալագրեր: Հանդիպումն ավարտվեց հաջողությունների բարեմաղթանքով և տորթով հյուրասիրությամբ: 

IMG 3829 IMG 3821 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)