Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնը նշվեց արտագնա Սուրբ Պատարագով Տպել
Լուրեր

akhqiorphi 

2017 թվականի հունիսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հայ Առաջին Կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնը:

Տոնի օրը վաղ առավոտյան Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարեխոսական օրհնությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի գխավորությամբ հավատացյալների խումբը ուխտի մեկնեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Տեղում ուխտավորներին միացան գյուղի բնակիչները և ուղղվեցին դեպի հինավուրց եկեղեցին,որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տեր Վիրապ քահանան:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնի մասին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հավատարիմ մնալով քրիստոնեական հավատքին և 13 տարվա բանտարկությունից ու սոսկալի չարչարանքներից հետո դուրս գալով Խոր Վիրապից Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում:

Պատմական իրադարձությունը դարձավ նաև Հայոց մեծ դարձի տոն, տարածելով քրիստոնեությունը հայ ժողովրդի շրջանում և հավատալով քրիստոնյա հավատքի զորությանը, Հայաստանի Տրդատ թագավորը, Հայաստանում քրիստոնեությունը հայտարարեց պետական կրոն, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ դարձավ պետականորեն ճանաչված Հայ Եկեղեցու առաջին հովվապետը: Տեր Հայրը հորդորեց ներկաներին Հայոց Առաջին Հայրապետի օրինակով անսասան մնալ իրենց հավատքին և ապավինել մեր Սուրբերի զորակցությանը:   

Կատարվեց տեղի հավատացյալների և ուխտավորների խոստովանության և հաղորդության կարգ: Ուխտավորները իրենց սրտի փափագի աղերսով մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության տոն է նշում: Դրանք են Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը, Առաջին Հայրապետի Ելն ի Վիրապ և Գյուտ նշխարացը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: 

IMG 5065 IMG 5068 IMG 5069 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)