Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Սուրբ Պատարագ Թբիլիսիում Տպել
Լուրեր

ejmiatsin 

2017 թվականի հունիսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ մասնակցելու համանուն տոնին նվիրված տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցելու էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, խորհրդական Արտակ Գրաբսկին, համայնքային գործիչներ, մտավորականներ, բազում հավատացյալներ:

Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությունը և բարեմաղթությունը տոնի առիթով: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց առաջին Հայրապետի տարածած հավատքին հայ ժողովրդի հավատարմությանը, ազգապահպան այն արժեքներին, որ կատարում է Հայոց Եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ: «Մայր հայրենիքում և Սփյուռքում շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանվում, հարստանում, սերնդեսերունդ են փոխանցվում եկեղեցու խորհուրդները և ծեսերը, ժողովրդական ավանդույթները և մշակութային արժեքները: Իսկ դա մեր ինքնության, մեր Սուրբ հավատքի, մեր պետականության ու մեր ոսկեղենիկ լեզվի հարատևության գրավականն է – կարևորեց իր պատգամում Թեմակալ առաջնորդը, հորդորելով հավատացյալներին համախմբված լինել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցել Հայաստանի, Արցախի, Սուրբ Էջմիածնի և Վրաստանի համար:

Հավարտ Սուրբ Պատարագի առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Հավատավոր ժողովուրդը և քահանայից դասը աղոթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոսի քաջառողջության և արևշատության համար:

Վիրահայությունը առանձնակի սիրով և հավատքով է կապված Սուրբ Էջմիածնի տաճարի հետ: Վկայությունը նույնանուն եկեղեցու գոյությունը Թբիլիսիի Հավլաբար թաղամասում: Հատկանշական է, որ տոնի կապակցությամբ թբիլիսահայ հավատացյալների մի խումբ ուխտի մեկնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և տոնի օրը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին, հայցելով Մայր տաճարի զորակցությունը:

Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: 

IMG 4906 IMG 4935 IMG 4937 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)