Ոսկե մեդալ Վիրահայոց թեմի «Տարոն» պարային համույթի այս անգամ կրտսերների խմբին Տպել
Լուրեր

taron 

2017 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, Վրաստանի ձյուդոյի դաշնության մարզադահլիճում, կայացավ Ռոման Արջաիայի անվան գավաթի համար վրաց միջազգային պարային փառատոնը: Փառատոնը նվիրված էր մրցաշարի 20-ամյակին: Կազմակերպիչներն էին WDC#ADC Վրաստանի պարի և սպորտային պարերի արհեստավարժության ազգային խորհուրդը և Թբիլիսիի մշակութային միջոցառումների կենտրոնը: Փառատոնին մասնակցում էին տարբեր ազգային պարային խմբեր:

Մեկը մյուսի ետևից իրար հաջորդեցին ազգային և ժողովրդական պարերը. աբխազական, օսական, գնչուական, իսպանական, լատինա-ամերիկյան հնդկական, մոլդավական, Վրաստանի ազգային փոքրամասնությունների և այլն:

Արդեն երկրորդ տարին փառատոնին մասնակցում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) «Տարոն» պարային համույթը: Պարուսույց Սուրեն Աբրամյանի որոշմամբ, փառատոնին «Կարնո քոչարի» և «Շավալի-խոշ բիլազիկ» ազգագրական պարերի կատարմամբ հանդես եկավ համույթի կրտսերների խումբը: 7-12 տարեկան 22 դեռահասներից բաղկացած խումբը բոցաշունչ և խրոխտ պարերի հիասքանչ կատարումներով արժանացավ հանդիսատեսի ուշադրությանը, համակրանքին և բուռն ծափահարություններին:

Ընդամենը մեկուկես տարի առաջ ստեղծված պարային խմբի մրցակիցներն էին «Ֆանտազիա», «Ինդրա դենս-ֆորում» և «Հնդկական Բոլիվուդ» պարային համույթները: Մրցատյանի միաձայն որոշմամբ, «Տարոն» պարային համույթի կրտսերների խումբը փառատոն-մրցույթում գրավեց առաջին տեղը, արժանանալով ոսկե մեդալի և մասնակցության հավաստագրի: Կրտսեր պարային խմբի այս հաջողությունը ապագա նոր բարձունքներ գրավելու գրավական է: 

IMG 4811 IMG 4847 IMG 4860 IMG 4877 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)