ԱՄՆ-ից, Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա Տպել
Լուրեր

1-750x450 

2017 թվականի հուլիսի 2-ին Ախալցխա ժամանեցին Համշենից, ՀՀ-ից ու ԱՄՆ-ից եկած հյուրերը, ովքեր քաղաքում մասնակցեցին մի շարք միջոցառումների: Բավրայի անցակետի մոտ գեներալ Արշալույս Փայտյանին եւ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին դիմավորեցին Ախալցխայի ու Ախալքալաքի իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչները: Ճանապարհին հյուրերը Սամվել Պետրոսյանի հրավերով այցելեցին Վարեւան գյուղ մասնակցելու Պետրոս Աբաջյանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը զոհվել է Արցախյան ազատամարտում:


Ախալքալաքից հյուրերը ժամանեցին Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ նրանց աղ ու հացով դիմավորեցին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, Ախալցխայի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն ժողովրդի հետ միասին: Տեր Հակոբ աբեղա Սահակյանը պատվոգրեր հանձնեց Զարեհ Սինանյանին եւ Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչ, Policy Forum Armenia կենտրոնի ղեկավար` Դավիթ Գրիգորյանին, որից հետո հյուրերը այցելեցին Սբ. Նշան եկեղեցի և տեղում ծանոթացան Սբ. Նշանի պատմությանը ու նրա ներկայիս կարգավիճակին:


Այնուհետև հյուրերը տեղացիների ուղեկցությամբ ծաղկեպսակներ դրեցին Հայոց Ցեղասպանության խաչքար հուշակոթողին, Ախալցխայի հայկական գերեզմանատանը հանգչող Կարապետ Բագրատունի Սրբազանի դամբարանին, 1918թ, Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:


Վերջում պատվիրակությունը այցելեց Ախալցխայի կենտրոնական այգի և ծաղկեպսակ զետեղեց ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:
Միջոցառումը ավարտվեց Ռաբատի բերդում խնջույք պարահանդեսով:


Հունիսի 3-ի առավոտյան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն Ախալցխայի քաղաքապետարանում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեի հետ հյուրընկալեց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին, գեներալ Արշալույս Փայտյանին եւ Համշենից ժամանած հայերին: Հանդիպման ընթացքում կարեւորություն տրվեց հայ-վրացական եւ հայ-ամերիկյան եւ վրաց ամերիկյան հարաբերությունների զարգացմանը:


Զարեհ Սինանյանը պատվոգրեր հանձնեց տեղական իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող հայերին, Ախալցխայի հոգեւոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանին:


Ախալցխայի քաղաքապետը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորը հուշանվերներ հանձնեցին Ախալցխա ժամանած հյուրերին:
Նույն օրը հյուրերը հանդիպում ունեցան քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, որին ներկա էին նաեւ վրացական թիվ 1 դպրոցի ուսուցիչները:


Հյուրերը USAID-ի Ժողովրդավարության Ներգրավման կենտրոնում հանդիպում ունեցան քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին տեղի հայությանը հուզող մի շարք խնդիրներ:

Հանդիպման ավարտին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց պատգամավոր Գիորգի Կոպաձեին եւ նախկին պատգամավոր Գոչա Գվարամաձեին: Իսկ Զարեհ Սինանյանը Գոչա Գվարամաձեին հանձնեց Գլենդելի քաղաքային խորհրդի պատվոգիրը:


Փոքր Պամաճ գյուղի հանրային դպրոցում կայացավ հանդիպում ուսուցչական կազմի հետ:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)