Գլենդելից Ջավախք. ճանաչողական այց Տպել
Լուրեր

19620962 

2017 թվականի հուլիսի 4-ին, Ջավախք կատարած ճանաչողական այցի շրջանակներում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը և գեներալ Արշալույս Փայտյանը ժամանեցին Ախալքալաք: Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը հոգևոր դասը և «Վաչիան» ազգագրական պարերի համույթը` ավանդական աղ ու հացով։ Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, ապա մոմեր վառեցին և իրենց աղոթքը շարունակեցին եկեղեցում, որտեղ Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց եկեղեցու ու Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործունեությունը, եկեղեցու պատմությունը, իր օրհնությունը բերեց հյուրերին` նվիրելով հիշատակի սրբապատկերներ:

Ախալքալաքում Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անունից պատվոգիր հանձնեց Սամվել Պետրսյանին:

Հյուրերն այցելեցին Ախալքալաքի վրացական եկեղեցի,ծաղիկներ խոնարհեցին ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին, եղան նաև Ջիվանու տուն-թանգարանում:


ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի խոսքերով՝ այցը զուտ ճանաչողական բնույթի է և նպատակն է ծանոթանալ համայնքի խնդիրներին:

«Ախալցխայի դեպքում՝ ծանոթանալ տեղի իշխանությունների հետ, հասկանալ թե իրենք ինչ խնդիրներ ունեն, ինչ հարաբերություններ գոյություն ունեն իշխանության և համայնքի միջև, և դրանում ինչ դեր կարող է ունենալ Հարավային Կալիֆորնիայի համայնքը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Ախալցխայի հայերն ավելի են ինտեգրված վրաց հասարակությանը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ խնդիրները, ինչպես ամենուր, սոցիալական բնույթի են, կան որոշակի լուրջ հարցեր՝ կապված դպրոցական կրթության հետ,օրինակ այն, որ մի դպրոցում 80-ականներին սովորել է 1200 աշակերտ, հիմա նույն դպրոցում միայն 100 աշակերտ է: Սա է ամենամտահոգիչը», – նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը սակայն ամենացավալին դա արտահոսքի՝ օր-օրի աճող թվերն է: Բարձրաստիճան հյուրը մտահոգություն հայտնեց նաև Ախալքալաքում ճանապարհների վիճակի մասին: «Ես կուզենայի, որ Սփյուռքը, ինչպես վերաբերվում է Հայաստանին ու Արցախին, նույն ձևի էլ Ջավախքին սրտացավ մոտեցում ցուցաբերի: Ես դեռ չգիտեմ կոնկրետ մենք ինչ կարող ենք անել, բայց կաշխատենք անպայման», – ասաց Զարեհ Սինանյանը:

Համշենից, ԱՄՆ-ից ու Հայաստանից հյուրերի ժամանման գաղափարը պատկանում է Արցախյան ազատամարտիկ, ծնունդով ախալցխացի Էդուարդ Էնֆիաջյանին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

19667919 

Աղունիկ Այվազյան