Չարենցյան պոեզիայի շունչն էր թևածում «Հայարտուն» կենտրոնում Տպել
Լուրեր

A12018 թվականի մայիսի 19-ին,  Եղիշե Չարենց բանաստեղծի, հայրենիքի հարատև մարտիկի, բոցաշունչ հայրենասերի ստեղծագործությունների անմահ պաթոսն էր տիրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Գրական-երաժշտական միջոցառումը նվիրված էր գահակալ բարձունքին հասած  բանաստեղծի ծննդյան 120-ամյակին, մասնակիցներն էին Վիրահայոց թեմի կրթական բաժնի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի սաները՝ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի գլխավորությամբ: DSC04805
Միջոցառումը սկսվեց  «Տերունական աղոթքով» և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Ու տարածվեց հայ գրականության ռահվիրա Եղիշե Չարենցի ու նրա անմահ, մարտաշունչ, հրաբորբոք  պոեզիայի գոհարների  գովքը: Միջոցառումը գրական այն էջերի վերհուշն էր, պոեզիայի նմուշների հնչեցումը, մեջբերումներով, ասույթներով գնահատականներով հագեցած խոսքը, որ ակամայից վերստին ու նորովի գերեց, հիացրեց միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներին, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներին, այժմ ռուսաստանաբնակ Ախալքալաքի Կորխ գյուղից  Թբիլիսիում գտնվող հյուրերին:
DSC04832Գնահատելի էր ընդամեն մեկ-երկու տարի առաջ հայերենից կտրված, Չարենցի մասին սոսկ թռուցիկ պատկերացում ունեցող օտարալեզու հայ երիտասարդների կողմից մայրենի լեզվով հնչող անմահ բանաստեղծի պոեզիայից նմուշների արտասանությունը, ոչ միայն  բանաստեղծ կյանքի էջերը, այլև նրա բազմաոճ, նոր լեզվամտածողությամբ հագեցած ստեղծագործությունների հավուր պատշաճի  վերլուծությունը,  հայ գրականության մյուս մեծերի գրական ժառանգության նկատմամբ սերն ու գնահատականը:
Հիրավի, իմաստավորված էր միջոցառումը, հիացմունք առաջացնող՝ վաստակաշատ ուսուցչուհու աշխատանքը, ով իր գեղեցիկ, հարուստ հայերենով միջոցառման մասնակիցն էր, գրական-երաժշտական երեկոն դարձնելով առավել բազմիմաստ, բովանդակալից ու տպավորիչ: IMG 3975
Միջոցառումը  առավել հնչեղություն ստացավ կենտրոնի մենակատար Աիդա Բազոյանի, անձամբ ուսուցչուհու՝ Ռոզա Զոհրաբյանի կողմից՝դուդուկի ու դհոլի նվագակցությամբ 120-ամյա բանաստեղծի չափածո գործերով գրված արդիական, սիրված և ընդունված երգերի կատարումը: Իսկ միջոցառման ավարտին կիրակնօրյա դպրոցի սաների շուրթերով հնչած «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը դարձավ մայրենին ու մայր հայրենիքը սիրելու, պահելու, նրանով հպարտանալու երդում:
Երեկոյից ստացած իրենց տպավորությունները և չարենցյան անմահ պոեզիայի չխամրող էջերով մտովի վերադարձի  համար գնահատանքի և երախտագիտության խոսքեր ասացին Վրաստանում ՀՀ դեսպանության մամլո բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, դերասանուհի Մելանյա Բարսեղյանը, դասախոս Աղասի Գևորգյանը:
Իր օրհնոթյունը ներկաներին հղեց և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը Չարենցյան ժամանակաշրջանն անվանեց  բեկումնային, երբ օրհասական էր հայկականությունը պահպանելու, ոգեշունչ հայ մնալու հարցը: Եվ IMG 3993Եղիշե Չարենց մեծ բանաստեղծը մեկն էր այն անհատներից, ովքեր դարձան ժամանակաշրջանի գաղափարաբերները, ժողովրդին հաղորդելով և ոգևորելով ապրելու, գործելու, ազգայինը պահպանելու նոր շնչով: Թեմակալ առաջնորդը  երախտագիտության խոսքեր ուղղեց  ճանաչված, շնորհաշատ ու վաստակաշատ  ուսոցչուհի Ռոզա Զոհրաբյանին, ով ամեն անգամ հայ գրականության մեծերին  ներկայացնում է նորովի և, որ առավել գնահատելի է, հայերենից կտրված երիտասարդների միջոցով հայ մտքի երևելիներին դարձնում այդ երիտասարդների սեփականությունը:  
Չարենցի ծննդյան 120-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառումը դարձավ հայ գրականության երկնակամարում բազմաժանր, բազմածին ստեղծագործողի անմահության արտահայտությունը, նաև  կիրակնօրյա դպրոցի սաների հայերենից ձեռք բերած գիտելիքների ստուգատեսը և այաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով շնորհավորանքը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)