Սրբադասման արարողությունը դիտեցին Վիրահայոց թեմի եկեղեցիներում Տպել

srbadasum 

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման դիտումը:

2015 թվականի ապրիլի 23-ի վաղ առավոտից Թբիլիսիում չէր դադարում hորդառատ անձրևը: Սակայն դա չխանգարեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի և մյուս աշխատակիցների, թբիլիսահայ հավատացյալների անդուլ ջանքերով կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու Սուրբ Տրդատի բաց խորանից Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման հանրովի դիտումը:

Ժամը 17:00-ին, մարդկանցով լեփ-լեցուն էր եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Բակում տեղադրված երկու հեռուստատեսային էկրաններով նվիրական արարողակարգը ազգովի բացօթյա դիտելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Թբիլիսահայ համայնքի պատվավոր այրերը, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և բազում հավատացյալներ: Իրենց ներկայությունն էին բերել նաև տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների վրացի ղեկավարներ և այլազգի ներկայացուցիչներ:

Միասին Տերունական աղոթքն ասելուց հետո, ներկաներին դիմեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հոգևոր հայրը խոսեց օրվա խորհրդի մասին և նահատակների սրբացման համար աղոթելու կոչ արեց: Չնայած անընդհատ հորդացող անձրևին, հասարակությունը մեկ մարդու նման, չթաքցնելով հուզմունքը շարունակեց դիտել հեռարձակումը, ինչը պարզորոշ երևաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թբիլիսիի հետ կատարված ուղիղ միացման ժամանակ:

Հավարտ արարողության` ժամը 19:15-ին, ազդարարվեց լռության րոպե, որին հաջորդեցին Մայր Տաճարի 100 գուժկան զանգերը: Զանգեր հնչեցին նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում և հայոց վիշտը կիսող Վրաստանի հռոմեական-կաթոլիկ, ավետարանական-լյութերանական և Ավետարանական-Մկրտական քույր-եկեղեցիներում: Վերջում հավաքված հանրությունը Տերունական աղոթքով ավարտեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանը երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր ներկա գտնվողներին, քանզի, չնայած տարբեր լրատվամիջոցներով և տարբեր քաղաքական գործիչների կողմից տարածված ահազանգերին սպասվող բախումների մասին, թբիլիսահայ համայնքը առանց վարանելու եկավ և մինչև վերջին րոպեն արհամարհելով ցուրտն ու անձրևը մասնակիցը դարձավ նահատակների սրբացման այս պատմական արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հեռարձակվող նահատակների սրբադասման արարողությունը ուղիղ եթերում դիտեցին և գուժկան զանգեր հնչեցին Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Բաթումի հայոց եկեղեցիներում:

Այնուհետև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ժողովրդի թափորը ավտոբուսներով և մարդատար մեքենաներով ուղևորվեց դեպի Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, որտեղից ջահերով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական դրոշներով և հայրենասիրական երգերով մարդկանց շարասյունը շարժվեց դեպի Թուրքիայի Հանրապետության դեսպանություն: Այստեղ կայացավ բազմամարդ հանրահավաք: Բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքն ավարտում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսներով, որին անմիջականորեն արձագանքում էր հավաքված բազմությունը:

Հանրահավաքը դարձավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական միջոցառումը, որը մասնակիցների բողոքի արտահայտությունն էր 1915-23թթ. հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ ՝ ճանաչման և դատապարտման պահանջով:

«Հայարտուն» կենտրոնի, Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ ջահերով երթին միացան նաև Թբիլիսիում գործող մյուս հասարակական կազմակերպությունները և տարբեր տարիքի թբիլիսաբնակ քաղաքացիներ:

11041083 818705141545201 1429860558262097877 n 11173363 1559423010989165 5329509933644470517 n 11193352 1559423630989103 1154511280212221398 n 

DSC 0864 DSC02685 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)