Տոնական Սուրբ Պատարագ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Տպել
Լուրեր

a1 

2017 թվականի մայիսի 28-ին  տոնական տրամադրություն էր տիրում թբիլիսահայության շրջանում: Մարդիկ շտապում էին Թբիլիսիի հինավուրց Մեյդան թաղամաս՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ մասնակցելու տոնական օրվան նվիրված Սուրբ և  անմահ Պատարագին:  

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց  Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին  Վրաստանում ՀՀ  դեսպանության  դիվանագետներ, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, արժևորելով օրվա եռակի տոն լինելու հանգամանքը: Անդրադարձ կատարելով օրվա հոգևոր, պետական և ժողովրդական խորհուրդներին, սրբազան հայրը մեկնաբանեց Երկրորդ Ծաղկազարդի՝ արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելը  և հրեշտակների կողմից նրան ընդունելը:
Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց Հայոց առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձը,  Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտերից հետո Թիֆլիսում առաջին Հայաստանի Հանրապետության հռչակումը:
Պատարագիչ սրբազանը  խոսեց նաև  արդեն 103-րդ անգամ Թբիլիսիում  նշվող սայաթնովյան Վարդատոնի մասին, որը ավանդաբար  Մեյդանի հրապարակում հավաքում է  ոչ միայն հայերի, այլև այլազգիների  և հյուրերի Վրաստանի տարբեր տարածաշրջաններից ու  Հայաստանի Հանրապետությունից:
 Թեմակալ առաջնորդի և հոգևոր  դասի մասնակցությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք մայր հայրենիքի անսասանության, հայոց պետականության  կայունության և ժողովրդի  բարեկեցության  աղոթքով:
Սուրբ Պատարագին միացան նաև Վրաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի, Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, և Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-նովա» աշուղական համույթը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի  գլխավորությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի  Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցու բակում հանգչող Սայաթ Նովայի  շիրիմի մոտ կատարվեց  հոգեհանգստյան կարգ և կարմիր վարդեր  խոնարհվեցին անմահ աշուղի  գերեզմանաքարին:
Հայաստանից ժամանած հյուրերը  Սայաթ-Նովայի հիշատակին  մոմեր վառեցին  Սուրբ Գևորգ  առաջնորդանիստ եկեղեցում:

IMG 3170 IMG 3184 IMG 7359 IMG 7485 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)