Լուրեր
|
2017 թվականի մայիսի 28-ին տոնական տրամադրություն էր տիրում թբիլիսահայության շրջանում: Մարդիկ շտապում էին Թբիլիսիի հինավուրց Մեյդան թաղամաս՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ մասնակցելու տոնական օրվան նվիրված Սուրբ և անմահ Պատարագին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, արժևորելով օրվա եռակի տոն լինելու հանգամանքը: Անդրադարձ կատարելով օրվա հոգևոր, պետական և ժողովրդական խորհուրդներին, սրբազան հայրը մեկնաբանեց Երկրորդ Ծաղկազարդի՝ արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելը և հրեշտակների կողմից նրան ընդունելը: Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց Հայոց առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձը, Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտերից հետո Թիֆլիսում առաջին Հայաստանի Հանրապետության հռչակումը: Պատարագիչ սրբազանը խոսեց նաև արդեն 103-րդ անգամ Թբիլիսիում նշվող սայաթնովյան Վարդատոնի մասին, որը ավանդաբար Մեյդանի հրապարակում հավաքում է ոչ միայն հայերի, այլև այլազգիների և հյուրերի Վրաստանի տարբեր տարածաշրջաններից ու Հայաստանի Հանրապետությունից: Թեմակալ առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք մայր հայրենիքի անսասանության, հայոց պետականության կայունության և ժողովրդի բարեկեցության աղոթքով: Սուրբ Պատարագին միացան նաև Վրաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի, Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, և Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-նովա» աշուղական համույթը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցու բակում հանգչող Սայաթ Նովայի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և կարմիր վարդեր խոնարհվեցին անմահ աշուղի գերեզմանաքարին: Հայաստանից ժամանած հյուրերը Սայաթ-Նովայի հիշատակին մոմեր վառեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:
|