News
|
2019 թվականի ապրիլի 20-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ,Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ՔՎեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր ծառայող հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ: Բազմամարդ էին եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում: Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը: Վիրահայոց թեմի Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի անվան կենտրոնում Սուրբ Գևորգ եկեղեցու բակում խաչի կնքահայր Յուրի Երեմյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հյուրասիրություն հավատացյալների համար: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր:
|