1eng

 

fb you od

Թբիլիսահայ նկարիչ Ժան Խաչի աշխատանքների ցուցահանդեսը հեղինակի մահվան տարելիցի կապակցությամբ PDF Print E-mail

janXach-1

Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) ետմահու անհատական ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին:

Յուղաներկ ու մատիտանկար, քանդակագործական ու դիզայներական ոճի տարբեր կտավներով հառնեց Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության առջև տաղանդաշատ Ժան Խաչ արվեստագետը՝ ներկայանալով որպես կյանքի Աստվածային սկզբի գաղափարախոս, որ ունի միայն և միայն մեկ բովանդակություն՝ Սիրո վեհությունը՝ հավատքի զորության, բարու և լույսի անմահության հետ միասին:

JanXach-3

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը, հասարակական գործիչներ Ալեքսանդր Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք: Ելույթ ունեցողները՝ արվեստաբան Էդուարդ Մեսրոպյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, նկարիչ ՋովանիՎեփխվաձեն, նկարչի եղբոր թոռ Լևոն Խաչատուրովը և մյուսները, մեծ նկարչի կենսափիլիսոփայության հավատամք անվանեցին արդարությունը և պայքարը հանուն արդարության: Ըստ նրանց՝ Ժան Խաչ նկարչի երազանքը՝միայն ստեղծագործելն էր, քանզի արարելը դա երկունք է ու հոգեվարք, որից միշտ էլ ծնվում են իսկական բարձրարժեք գործեր, դառնալով կերտողի հոգեզավակը:

Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսՄիրզախանյանը, խոսելով Ժան Խաչի մասին՝ նրան կոչեց Աստվածային մեծ սիրով բարու և լույսի ջատագով, որը կնոջը պատկերում էր որպես գեղեցկության ստեղծարար աղբյուր, որպես աշխարհի սնուցող: Խորհուրդն ու խորհրդանիշը Ժան Խաչի համար միշտ էլ եղել են առաջնային, դառնալով կամուրջ մարմնական կյանքի ևԱստվածային հավերժության միջև:

Ժան Խաչ նկարիչը, ներկապնակի վրա արտահայտվելու ուրույն կառուցվածքով ու կոմպոզիցիայով հանդերձ, յուրահատուկ էր նաև իր փիլիսոփայությամբ, իր աշխարհընկալմամբ, իր գաղափարախոսությամբ: Այդ բազմակողմանի զարգացած մարդը, որը ամեն ինչի նկատմամբ ուներ իր տեսակետն ու մոտեցումը, ստեղծում էր իր խորհրդանիշը, որը հասկանալու համար նախ և առաջ պետք էր հասկանալ Ժան Խաչ մեծատառով Մարդուն, -հավելեց Սրբազան Հայրը:

Ընդամենը վեց տասնամյակ ապրած նկարիչն իր ստեղծագործական աշխարհի անկրկնելիությամբ, մտքի խորությամբ, փիլիսոփայական գաղափարներով հայտնի էր սոսկ իր մտերիմների, ծանոթ-բարեկամների շրջապատում, քանզի իր հարուստ ստեղծագործական աշխարհով հասարակությանը ներկայացել էր լոկ մեկ անհատական ցուցահանդեսով, այն էլ իր շնորհաշատ վրձնով կերտած սոսկ 20 աշխատանքով: Ուստի եզակի էր առիթը՝ մոտիկից տեսնելու և հիանալու, նաև զարմանալու, նաև ոգեկոչելու նկարչի անզուգական մեծությունն ու տաղանդը: Ուեկել էին նրա արվեստի երկրպագուները, նրան ճանաչողներն ու չճանաչողները, եկել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու վաղամեռիկ նկարչի մեծության առջև: Եվ զարմանալի չէ, որ ցուցահանդեսի առաջին օրը վերածվեց իսկական անշլագի: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 30 -ը: