1eng

 

fb you od

Երեւանցի դպրոցականները հյուրընկալվեցին «Հայարտանը» PDF Print E-mail

542053 181110208672466 113192792130875 271358 1351671018 n

Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-ից 25-ը հյուրընկալվեցին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:

Դպրոցական տարիների ընկերությունն ամենաջերմը եւ անաղարտն է,- դա էր վկայում Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կայացած երկու մայրաքաղաքների բարձր դասարանցիների հանդիպումը, որն ավարտվեց հասակակիցների միջեւ ընդհանուր հետաքրքություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ զրույցով եւ հասցեներ փոխանակելով: Դա երեւանցի դպրոցականների հյուրընկալության սոսկ մեկ օրն էր:

IMG 0774

Առանձնահատուկ կրթական ծրագիր ունեցող այս դպրոցի սաները, ի թիվս այլ առավելությունների, ունեն նաեւ ուսումնառության տարիներին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն: Օպերատորի մասնագիտությունը ուսումնասիրող Թովմաս Եգանյանի Թբիլիսի այցելության նպատակն էր ուժերը փորձել Թբիլիսիին նվիրված ֆիլմ նկարահանելու մեջ:

Իսկ Ելենա Պետրոսյանի, Կարեն Դավթյանի եւ Դավիթ Բաբումյանի համար այս էքսկուրսիան Վրաստան այցելության առաջին հնարավորությունը չէր: Հիացած այս քաղաքի ջերմ հյուրընկալությամբ, նրանց վրա վառ տպավորություն գործեցին Շարդենի փողոցն ու Նարիղալան, Ռուսթավելի պողոտան ու Թբիլիսիի տեսքը Մետեխի բերդից, Սուրբ Երրորդության տաճարն ու Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնը, Հավլաբարն ու Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոնը:

Լիլիթ Գեւորգյանը, ով երկրորդ օտար լեզու թուրքերենը ընտրելով անցյալ տարի Space Camp ծրագրի շրջանակներում Թուրքիայում ներկայացրել էր Հայաստանը, այժմ մտածում է Թուրքիա իր հաջորդ այցելության ժամանակ հանդես գալ նաեւ Վրաստանի հայերի ներկայացմամբ, քանզի այս օրերին նա շատ բան իմացավ Թբիլիսիի հայերի անցյալի եւ ներկայի մասին:

Թերեւս ամենաուրախալին հասակակից երեխաների բարեկամությունն ու մտերմությունն էր: Հյուրընկալվելով «Հայարտուն» մշակույթի կենտրոնի տարբեր խմբակներում սովորող իրենց հասակակիցների ընտանիքներում, նրանք ամեն րոպե զգում էին մանկական սեր եւ ուշադրություն, ընտանեկան ջերմություն եւ ծնողական հոգատարություն: Ուրախության եւ երջանկության սրտաբուխ զգացմունքները առավել դրսեւորվեցին էքսկուրսիայի վերջին օրը Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած առանձնահատուկ համերգի ժամանակ, որտեղ հայկական շուրջպար էին բռնել թբիլիսահայ երեխաներն իրենց երեւանաբնակ հասակակիցների հետ:

Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի սովորողները վառ տպավորություններով, բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին Թբիլիսիին, «Հայարտուն» մշակույթի կենտրոնին, այս անգամ արդեն իրենց տանը՝ Երեւանում Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում վերստին հանդիպելու ակնկալիքով: