1eng

 

fb you od

Հայերենին նվիրված միջոցառում «Հայարտուն» կենտրոնում PDF Print E-mail

IMG 0928

Մեր լեզուն մեր հույսն է ու ողջ հայության անմահության գրավականը - այս էր մարտի 25-ին   Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառման ոգեշնչումը: Կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ավագ դասարանի սովորողների յուրատեսակ քննություն դարձած այս միջոցառումը, որ նախաձեռնել էր «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել էին հայոց լեզվի եւ գրականության վաստակաշատ ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանը եւ Կարինե Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Բորիս Սաակովը, դստեր՝ Յուլյա Սաակովայի եւ փեսայի ՝ Արթուր Կոստանյանի հետ:

IMG 0829

Ողջունելով հյուրերին եւ հանդիսության մասնակիցներին, «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Մարի Առաքելովան ներկայացրեց «Հայարտուն» կենտրոնի կրթական գործունեությունը` ընդգծելով,   որ այսօր կիրակնօրյա դպրոցում   հայերենի գրաճանաչ են դառնում, հայ ժողովրդի գրականություն եւ պատմություն են սովորում 200-ից ավելի ռուսախոս մեր հայրենակիցները: Այնուհետեւ Սուրբ Եղիա Մարգարեի անվան դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը, հիշատակելով 90-ական թվականներին երջանկահիշատակ Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի եւ եկեղեցու քահանա Տեր Եղիշե Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծված առաջին կիրակնօրյա դպրոցի դեգերումները, շնորհակալության եւ երախտիքի խոսք ուղղեց Վիրահայոց թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում անդուլ ջանքերով, բարերարների աջակցությամբ ստեղծվեց «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը:

Հուզիչ եւ ոգեշնչող էր գրական-երաժշտական   մոնտաժը, որը ռուսալեզու շուրջ 40 սաների մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերած հայերենի   իմացության դրսեւորում էր:   Ռուսական առոգանությամբ, երբեմն ոչ ճիշտ հայերենով, բայց հայկական ոգով ու շնչով նրանք ներկայացրեցին   իրենց սովորածը, որպես հոգում թաքնված եւ նախնիների գեներով փոխանցված հայ լինելու հպարտություն:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին հայեցի դաստիարակության գործին   նվիրվածության համար, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղալաչյանը վաստակաշատ ուսուցչուհիներ   Ռոզա Զոհրաբյանին եւ Կարինե Մանուկյանին հանձնեց «Հայերենի լավագույն ուսուցիչ» անվանակարգով նրանց շնորհված ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը:

Հուզական էր «Կամուրջ» հայ-վրացական գրական կապերի կազմակերպության նախագահ, բանաստեղծ-թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի ելույթը, որը նա   ավարտեց հայոց լեզվին նվիրված սեփական   բանաստեղծության ընթերցմամբ:

Բոլոր ելույթ ունեցողները, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, կիրակնօրյա դպրոցի պատմության ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը եւ մյուսները, գնահատելով «Հայարտան» ծավալած բուռն գործունեությունը հայերենի, հայ մշակույթի, հայկական երգ-երաժշտության տարածման եւ զարգացման գործում, երախտագիտության սրտառուչ խոսքեր ուղղեցին բարերար Բորիս Սաակովին եւ նրա ընտանիքին՝   հայ արվեստի տան կառուցմանը օժանդակելու համար:

Միջոցառմանն իր   օրհնությունը բերեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի հոգեւոր ծառայող, տեր Սամվել քահանա Թորոսյանը, առանձնահատուկ ընգդծելով, որ քրիստոնեական հավատքի   հետ մեկտեղ   հայոց լեզվի պահպանությունը հայոց եկեղեցու առաքելությունն է:

Վերջում հանդես եկավ բարերար Բորիս Սաակովը: Նա   երախտագիտության խոսք ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որի մտահղացման   իրականացմանը նպաստել են ինքը եւ այլ բարերարներ, եվ այդ մտահղացման առհավատչյա անվանեց   այստեղ ծավալված այս լավ գործերը:

Միջոցառումը, որ հուզական էր, նաեւ ոգեշնչող եւ տրամադրող, հավաստեց հային հայ պահելու,   իր արմատներին մոտեցնելու «Հայարտան» մեծ առաքելությունը: