1eng

 

fb you od

Գեւորգ Սնխչյան՝ 60-ամյա հոբելյան PDF Print E-mail

IMG 0547

Մարտի 17-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նույնանուն կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հանդիսավորապես նշվեց վիրահայ ճանաչված բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանի ծննդյան 60 եւ գրական գործունեության 40-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության եւ ՀՀ գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին եւ Լեւոն Անանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ Հովսեփ Կարախանյանը եւ Լեւոն Թորգոմյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ»

IMG 0551

հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ, գրողներ, գործարարներ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Գեւորգ Սնխչյանի գրական եւ հասարակական գործունեության, «Վերնատուն» գրական միավորման ստեղծման, աղանյանական օրվա հիմնադրման կապակցությամբ գնահատանքի իր խոսքն ասելուց հետո, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը եւ հոբելյարին հանձնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալը:

Բազմաթիվ գրքերի հեղինակ Գեւորգ Սնխչյանին՝ թե իր ծննդավայրում եւ Վրաստանի խորհրդարանում, թե պետական գրասենյակում եւ ինքնակառավարման մարմիններում, թե տեղական թերթերի խմբագրություններում ու մշակույթի բաժանմունքներում հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության կապակցությամբ շնորհավորանքի եւ «Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության գնահատանքի իր խոսքը տեսաձայնագրության միջոցով ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բազմաբղետ ստեղծագործողին եւ վիրահայության հասարակական կյանքին ակտիվորեն ընդգրկված գրչի մշակին դեսպանության անունից շնորհավորեց Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Հովսեփ Կարախանյանը:

Հեռավոր Ջավախքի ծնունդ, Աբուլ լեռան փեշերին մանկությունն ու պատանեկությունն անցկացրած, հայ ոգով ու շնչով ներծծված բանաստեղծ Սնխչյանի գործունեության անգնահատելի պտուղն է այսօր Վրաստանի հայ գրողներին համախմբող եւ նրանց գործունեությունը համակարգող «Վերնատուն» միությունը, որն արդեն հանրահայտ կազմակերպություն է ոչ միայն Վրաստանում եւ Հայաստանում, այլեւ արտասահմանյան շատ երկրներում, բեղմնավոր գրչի հետ միասին Գեւորգ Սնխչյան գործչի անգնահատելի վաստակն էին հավաստում բոլոր ելույթ ունեցողները:

Կյանքի 60-ամյա տարեգրության 40-ից ավելի տարիները գրականությանը, հրապարակախոսությանը, հայապահպանությանը, հայրենի եզերքի ծաղկմանն ու զարգացմանը նվիրած ճանաչված ստեղծագործողին ուղղված Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը:

Տոնական հանդիսությանը ելույթ ունեցավ եւ իր օրհնությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր շնորհակալությունը հայտնելով ՀՀ մշակույթի, Սփյուռքի նախարարություններին, Վրաստանի եւ ՀՀ գրողների միություններին միջոցառմանը ակտիվորեն ընդգրկվելու համար, Թեմակալ Առաջնորդը Գեւորգ Սնխչյանին, ով նաեւ կազմակերպական մեծ կարողությամբ համակված գործիչ է, գնահատեց որպես ժամանակի մեծագույն բանաստեղծի, որը թերեւս ոչ պատշաճ է ճանաչված եւ ժողովրդականացված:

Վերջում ելույթ ունեցավ հոբելյար Գեւորգ Սնխչյանը: Նա իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնելով իր 60-ամյակն այսպես բարձր մակարդակով նշելու համար ասաց, որ իր ստեղծագործական պաթոսը հայրենի Ջավախք աշխարհն է, բազմաթիվ արվեստներով խաչված թբիլիսյան կոլորիտը, իր ծնող ժողովրդի հերոսական պատմական անցյալը, լուսավոր ներկան եւ խոստումնալից ու պայծառ ապագան:

Հատկանշական է, որ հարուստ գրական աշխարհ ունեցող ստեղծագործողին շնորհավորեցին եւ իրենց հեղինակային գործերը նվիրեցին նրա գրչակից ընկերները:

Հոբելյանական երեկոյին առանձնահատուկ շուք հաղորդեցին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախմբի սաների, Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ դպրոցի սովորողների ելույթները և Գարի Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնը: