1eng

 

fb you od

Դասական երաժշտւթյան երեկո՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին PDF Print E-mail

IMG 0867

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի Հայ Համայնքի, Վրաստանի Հայերի ազգային կոնգրեսի եւ Թբիլիսյան Հայերի ասամբլեայի աջակցությամբ, Թբիլիսիում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին լրաբերը   դարձավ ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացած դասական երաժշտության երեկոն, որը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը՝ խմբավար Մարիաննա Մամաջանովայի եւ երաժշտական բաժնի պատասխանատու   Պավել Օգանեզովի գլխավորությամբ:

IMG 0802

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանի Ավետարանականբապտիստական եկեղեցու եպիսկոպոս Մերաբ Գափրինդաշվիլին եւ հռոմեա-կաթոլիկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն: Ներկաների շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգեւոր սպասավորներ, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ այլք:

Սպիացած, բայց չամոքված ցավ, որ մխում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված մեկուկես միլիոն հայերի ոչնչացման կսկիծից: Ու այդ կսկիծն արտահայտվեց Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործություններով, որ հնչեցին Ներսես Շնորհալի երգչախմբի եւ մենակատարներ Սվետլանա Տատոեւայի, Լուիզա Վարդանովայի,   Իզաբելլա Մանուսաջյանի, Անահիտ Մկրտչյանի վարպետ կատարումներով:

Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված Հովհաննես Թումանյանի «Սրտիկ» բանաստեղծության հիման վրա գրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան: Պատարագը, որ ցնցող տպավորություն գործեց ներկաների վրա, փայլուն կերպով կատարվեց Ներսես Շնորհալի երգչախմբի կողմից երգահանի ընկերների՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան երաժշտանոցի ուսանողների շնորհալի նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Խոսելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդի մասին, Սրբազան Հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի ու տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է: Անդրադառնալով արդարության հաղթանակին, հոգեւոր առաջնորդը նշեց, որ հայերի հաղթանակը օրեցօր բարգավաճող Հայաստանի Հանրապետությունն է, վերադարձված Արցախը եւ Հովհաննես Համբարձումյանի նման տաղանդավոր երիտասարդները, ովքեր իրենց նախնիների հիշատակին ձոնում են պատարագ՝ մշակույթի լեզվով պահանջելով ճշմարտության ճանաչում:  

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Չիդիլյանը ներկաներին մեկ անգամ կրկին հիշեցրեց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարքը: