1eng

 

fb you od

Հնատիպ հայերեն գրքերի ցուցահանդես՝ Թբիլիսիում PDF Print E-mail

IMG 0281

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում կազմակերպեց հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 11-ին, ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

IMG 0358

Ցուցահանդեսում ներկայացված էին 5 տասնյակից ավելի   գրքեր, որոնցից ամենահներն են 1675 թվականին Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760 թվականին Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» եւ 1760 թվականին Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:

Առինքնող հպարտությամբ կողք-կողքի շարված, խորշոմած կազմով ու   դեղնած էջերով այս գրքերը հաստատում էին բանական մտքի այն սլացքը, որ հայ ժողովրդին ուղղորդել է դեպի   լույսն ու բարին, դեպի արդարն ու հավիտենականը: 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում տպարան հիմնելուց եւ հայերեն առաջին գրքերը տպագրելուց հետո աշխարհում հրատարակված 11 հազար անուն գրքերից 3637-ը տպագրվել է Թբիլիսիում, այդ թվում 1843 թվականին Տփխիսում տպագրված «Առ ձեռն բժշկարանը»:

Ուստի պատահական չէր Թբիլիսիի Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեի խոսքը, որ իրենք պարտավոր են իրենց մասնակցությունն ունենալու հայ  գրատպության 500-ամյակի նշանավորմանը, քանզի անցյալում Թբիլիսիում գործել են 47 հայերեն տպարաններ եւ տպագրվել ու ընթերցողին են հասցվել   տասնյակ հազարավոր հայերեն   գրքեր, թերթեր ու ամսագրեր, որոնք այսօր Վրաստանի ազգային գրադարանի գանձարանային ֆոնդի մասն են կազմում:

Բոլոր բանախոսների ելույթներում, որոնց շրջանում էին հայ գրականության մշակներ Գիվի Շահնազարը, Ժորա Սնխչյանը, Անահիտ Բոստանջյանը, պատմաբան Ենոք Թադեւոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, առանձնահատուկ նշվում էր գրքի եւ ընթերցանության կարեւորությունը, 500 տարվա գրատպության պատմություն ունեցող հայ ժողովրդի սերը գրքի եւ ընթեցանության նկատմամբ, որի ապացույցն են   ներկայումս աշխարհի 22 երկրներում գործող հայկական տպարանները եւ հաստատումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իր խոսքում արժեւորելով գրքի անգնահատելի դերը մարդու բանական մտքի զարգացման գործում, նշեց, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի զարգացման կենտրոն եւ   այսօր էլ հայկական մշակութային քարտեզի վրա Վրաստանը երկիր է, որտեղ ոչ միայն զարգանում է հայ մշակույթը, այլեւ պահպանվում են այն պատմական կոթողները, որոնք հայ ինքնության հպարտությունն են: Ազգային գրադարանի գրապահոցում   պահպանվում են   50 հազարից ավելի հայերեն գրքեր եւ փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը   հնատիպ հոգեւոր   գրքեր են, եզրափակեց Սրբազան Հայրը:

Հայերեն գրատպության 500-ամյակիև էր նվիրված Վրաստանի Ազգային գրադարանի գրքային ֆոնդի դեպարտամենտի տնօրեն Լեւան Թաքթաքիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում հայ գրականության   անկյան բացումը, որտեղ միշտ ներկայացվելու են ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններից նմուշներ եւ նրա կողմից հնչած առաջարկը Երեւանի հանրային գրադարանում եւս վրաց գրականության նմանատիպ անկյուն բացելու մասին, որն, անշուշտ կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների գրական կապերի զարգացմանը եւ   միմյանց գրականություններին իրազեկվածությանը: