1eng

 

fb you od

Մանթաշեւի ժառանգների այցելությունը Թբիլիսի PDF Print E-mail

IMG 0673

Քաղաքամայր Երեւանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշեւի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո, բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցով ժամանեց Թբիլիսի:

Հյուրերը շրջագայեցին մեծ բարերարի Թբիլիսիում կատարած բազմաթիվ բարեգործությունների հետքերով եւ համակվեցին հպարտությամբ Մանթաշեւ – բարեգործի մեծ մարդասիրության համար:

Իր ժամանակի խոշոր նավթարդյունաբերողի թոռան եւ ծոռան հետ

IMG 0632

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի հանդիպման ժամանակ խոսվեց Թբիլիսիի կայացման գործում երկու բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշեւի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդի մասին եւ առաջարկություն արվեց Մանթաշեւի մասին ֆիլմի նմանօրինակությամբ ֆիլմ նկարահանել նաեւ Արամյանցի մասին, որի միջոցներով կառուցված հիվանդանոցն այսօր էլ կրում է նրա անունը:

Իսկ Թբիլիսիի Ավագանու նախագահ Զաալ Սամադաշվիլու հետ քննարկվեց հայ մեծահարուստների բարեգործությունների մասին ավելի շատ տեղեկատվություն տարածելու եւ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մանթաշեւի ժառանգները Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ հյուրընկալվեցին նաեւ թիֆլիսյան կոլորիտով շնչող Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոնում, որտեղ եւ հանդիպեցին տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ եւ ըմբոշխնեցին այստեղ «բնակվող» տիկնիկների վերակենդանացրած մանթաշովյան ժամանակաշրջանի քաղաքի հմայքն` իր ոճով ու ավանդույթներով:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը խոսելով Մանթաշեւի՝ որպես գործարարի, բարերարարի, մարդասերի եւ լուսավորչի մասին, անվանեց նրան մեծ, բայց ոչ միակը, քանզի Թբիլիսիում գործել են շատ եւ շատ հայազգի մեծահարուստ բարեգործներ, որոնց հիշատակը հարգելը եւ պահելը բոլոր հայերի սուրբ գործն է:

Այնուհետեւ պարոն դեսպանը տիկին Ժաննա Դավթյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը` հայապահպանության եւ ազգապահպանության գործին նվիրվածության համար:

Բոլոր բանախոսները՝ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադեւոսյանը, ով նաեւ Ալեքսանդր Մանթաշեւի 170-ամյակի առթիվ «Գործ՝ ողջ կյանքի» շարքից մեծ բարերարին նվիրված գրքույկի հեղինակն է, խոսեցին այս քաղաքի նկատմամբ տեղի հայ ազգաբնակչության մեծ սիրո եւ նվիրվածության մասին:

Ալեքսանդր Մանթաշեւ Կրտսերը հուզմունքով եւ հպարտությամբ ունկնդրելով Մանթաշեւ մեծահարուստի հայրենանվեր եւ ազգանվեր գործերի մասին, հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթեց անաղարտություն եւ անկեղծություն, ինչպիսին եղել է իր պապի ապրած տարիներին:

Օրհնության եվ գնահատանքի իր խոսքում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսելով հարուստ պատմություն եւ պատմական դեմքեր ունեցող վիրահայ համայնքի մասին, ընդգծեց, որ համայնքի կայուն եւ հարգարժան լինելը կախված է իր Եկեղեցու շուրջը նրա համախմբվածությունից եւ իր հավատքին նվիրվածությունից, որով եւ համայնքը վրաց հասարակությանը կներկայանա որպես արժեքներ ստեղծող ազգաբնակչություն:

Մանթաշյան տոհմի ներկայացուցիչների այցը Թբիլիսիում շարունակվում է: