Հոգեհանգիստ Գայանե Խաչատրյանի շիրիմի մոտ |
Ավաղ, նա չապրեց մինչեւ իր 70-ամյակը: Սակայն նա շարունակում է ապրել նրան ճանաչողների, նրա արվեստը գնահատողների սրտերում: Իսկ նրանք շատ են, նրանք ամենուրեք են, աշխարհով մեկ սփռված՝ նրա անկրկնելի կտավների նման...
Մայիսի 9-ին տաղանդավոր գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանը կդառնար 70-տարեկան: Հոբելյանական օրվա նախորդ օրը, նկարչուհու մերձավորներ Մելանյա Բարսեղյանի եւ Ռոմեո Մաթիաշվիլու առաջարկով, կատարվեց տնօրհնեքի արարողություն այն տանը, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել էր Մեծն նկարչուհին, որտեղ տաղանդավոր գեղանկարիչը վրձնել էր իր զարմանահրաշ կտավները: Գայանե Խաչատրյանի 70-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին, նրա գերեզմանի մոտ՝ Թբիլիսիի Խոջիվանքի մեծաց մեծերի պանթեոնում հավաքվել էին նրա արվեստի երկրպագուները, մտավորականության ներկայացուցիչներ, նրան ճանաչողները եւ նրա արվեստը գնահատողները: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողակարգ, խնկարկվեց ու ծաղիկներով պատվեց Գայանե Խաչատրյանի շիրիմը: Մեծատաղանդ նկարչուհու չկայացած հոբելյանը շնորհավորեցին եւ նրա մասին հուշերով հանդես եկան Գայանե Խաչատրյանի մերձավորները, նրա արվեստի երկրպագուները: |