1eng

 

fb you od

Համբարձման տոն Թբիլիսիում PDF Print E-mail

36628 219918178125002 113192792130875 361009 1765385865 n

Մայիսի 20-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հանդիսավորությամբ նշվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, եւ կազմակերպչական հարցերով պատասխանատու Նարինե Ղուշչյանի ջանքերով, քրիստոնեական խորհուրդ ունեցող Համբարձման տոնը վերածվեց ժողովրդական տոնահանդեսի:

Կիրակնօրյա պատարագի եկած հավատացյալները չէին շտապում տուն վերադառնալ: Նրանց հետաքրքրության պատճառը բակում պտտվող   գույնզգույն ծաղկեպսակներով աղջիկների եւ ջահել հարսների աշխուժությունն էր, սպիտակ շորերով հրեշտակները, ազգային տարազով տղաներն ու աղջիկները - ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես նկարագրել է Մեծ Լոռեցին իր «Անուշ» պոեմում:

536461 219932424790244 113192792130875 361105 856659398 n

Եվ սկսվեց Համբարձման տոնահանդեսն իր ուրախ երգ ու պարով, գեղեցիկ արտասանությամբ:

Տոնին առանձին գեղեցկություն հաղորդեցին    գույնզգույն դաշտային ծաղիկները, որոնց գովքն արեցին եւ հյուսած ծաղկեպսակները ներկաներին նվիրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները (կրթական մասի պատասխանատու Մարի Առաքելովա, ուսուցչուհի Թամարա Գաբոյան): Այնուհետեւ մեկը մյուսին հաջորդեցին ուրախ երգերը, որ այնպիսի սիրով ու վարպետությամբ հնչեցին Նինա Կարապետյանի, Անի Ղուշչյանի, Անահիտ Հարությունյանի, Աննա Պողոսովայի եւ Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ:

Իրենց գեղեցիկ պարերով եւ շնորհալի կատարումներով տոնահանդեսը շքեղացրին «Ջեյրան», «Անի» եւ «Վանք» պարային համույթները, (պարուսույցներ՝ Սվետլանա Երիցյան, Անգելինա Նազարյան-Քոչյան, Լիանա Կաշավանիձե):

Եվ հնչում էր ժողովրդական երգն ու պարը, եւ բոլորին տրամադրում ուրախանալու Հիսուս Քրիստոսի Հարության եւ Համբարձման համար: Համընդհանուր ուրախությունը մեջ ընդ մեջ ընդհատվում էր տոնահանդեսի վարողներ Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի եւ Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի աշակերտ Արտեմ Գասպարովի՝տոնի նշանակության մասին հետաքրքիր մեկնաբանություններով: Եվ ամենուրեք թեւածում էր ժողովրդական տոնի ստեղծած բարձր տրամադրությունը եւ    ժողովրդական ավանդույթը հիշելու գոհունակությունը:

Չմոռանալով այն, որ ժողովուրդը Համբարձման տոնի հետ կապում է նաեւ վիճակ, «Ջան-Գյուլում», ստեղծվեց ժողովրդական   խաղ-սովորության՝ վիճակահանության տեսարանը: Մովսես Խորենացու անվան նախակրթարանի՝ հրեշտակների շորերով զուգված  սաների (ուսուցչուհի Եվգենյա Մարկոսյան) օգնությամբ իրականացվեց խորհրդանշական «վիճակ- վիճակահանությունը»:

Ժողովրդական գեղեցիկ տոնահանդեսն ավարտվեց ավանդական հայկական «Քոչարիի» մեղեդու տակ շուրջպարով, որին միացավ նաեւ ներկա ժողովուրդը:

Տոնահանդեսի անցկացմանը իրենց մասնակցությունն էին բերել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը, երաժշտական մասի պատասխանատու Պավել Օգանեզովը եւ տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը: