1eng

 

fb you od

Թբիլիսիում նշվեց Մեծ Հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը PDF Print E-mail

shushi-1

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությանն էր նվիրված մայիսի 9-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացած ճոխ համերգը:

Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:

shushi-2

Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի փոխանորդ Տեր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ, համերգին ներկա էր Ախալքալաքից ժամանած հայ երիտասարդների ստվար խումբ՝ տեղի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթեւի գլխավորությամբ:

Տոնական օրվա խորհրդին էր նվիրված պատմաբան Ենոք Թադեւոսյանի ելույթը,որը անդրադարձ էր Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցությանը եւ քաջագործություններին,Արցախի անկախության համար մղվող ազատատենչ պատերազմին եւ Շուշիի ազատագրման հաղթարշավին:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգի եւ երաժշտական գործիքների մանկական եւ ավագ համույթների (խմբավարներ՝ՄարիԱբուլյան եւ Մարիաննա Մամաջանովա), «Ջեյրան» պարի համույթի (պարուսույց Սվետլանա Երիցյան), համերգին հրավիրված «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) եւ «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարի համույթների, անհատ կատարողներ Անահիտ Մկրտչյանի,Անահիտ Հարությունյանի, Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի եւ Հենրիխ Հարությունյանի ազգագրական եւ հայրենասիրական բոցաշունչ ելույթները դարձան հաղթական օրվա ազգայնաբուխ եւ տոնական տրամադրության վառ դրսեւորում:

ՀՀ ազգային հերոս լեգենդար Մոնթե Մելքոնյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրումը վիրահայության խորհրդանշական խոնարհումն էր Արցախյան հերոսամարտում արծվասիրտ հայորդիների անմահ հիշատակի առջեւ:

Բոցաշունչ ելույթներից դահլիճում թեւածող հայրենասիրական ոգու եւ հաղթողի հպարտության վառ արտահայտություն դարձավ Ստեփանակերտի հետ ուղիղ միացումը: Համերգի վարող Լեւոն Չիդիլյանից ընդունելով վիրահայության շնորհավորանքը Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտից վիրահայությանը միասնության,անկոտրում կամքի եւ բազում հաղթանակների բարեմաղթանքի խոսքեր ուղղեց Արցախի ազատամարտիկ, «Կարին» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

Մեծ Հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով, ծովակալ Իսակովի մեդալներով պարգեւատրված, Հայրենական պատերազմի թբիլիսահայ վետերաններ Գիորգի Մարկարյանին, Սերգեյ Միրզոյանին, Գիորգի Փանոսյանին, Սեդրակ Սահակյանին եւ Սիմոն Սիմոնյանին՝ պարգեւները փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Գարիկ Մուրադյանը: Մի խումբ հայորդիներ պարգեւատրվեցին «Արցախ» պատվոգրերով:

Համերգի կազմակերպիչներ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի վարիչ Լեւոն Չիդիլյանի, երաժշտական բաժնի ղեկավար Պավել Օգանեզովի եւ տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանի անդուլ ջանքերով Հայրենական պատերազմի հաղթական ավարտի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնական շունչը, որ թեւածում էր դահլիճի բեմահարթակում, իր գիրկն առնելով հանդիսատեսին, դարձավ համընդհանուր բերկրանքի եւ բարձր տրամադրության վառ արտահայտություն: