1eng

 

fb you od

Գեղանկարիչ մանկավարժի եւ նրա սաների աշխատանքների ցուցահանդես Թբիլիսիում PDF Print E-mail

156257 223373287779491 113192792130875 369512 1251326930 n

Մայիսի 25-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը   գեղեցիկ եւ շքեղ տեսք էին ստացել բազմաթիվ յուղաներկ նատյուրմորտ, դիմանկար եւ բնանկար կտավներից, որոնց հեղինակը թբիլիսահայ գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովը եւ նրա սաներն են:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսն առանձնահատուկ է: Ցուցահանդեսին ներկայացված հինգ տասնյակից ավելի կտավներից Ռոբերտ Ներսեսով գեղանկարչի վրձնին   պատկանում են ընդամենը երեքը՝ «Նատյուրմորտ«, «Արվեստանոց» եւ «Ալիք» աշխատանքները: Վաստակաշատ գեղանկարիչ-մանկավարժը,

որ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, Ֆրանսիայում, Տորոնտոյում եւ այլուր, այս անգամ արվեստասերներին ներկայացավ իր սաների աշխատանքներով եւ նրանց կողքին:

Ու դիտում էին այցելուները Ներսեսով մանկավարժի սաների աշխատանքները եւ հիանում Մարի Խիդեշելիի «Եգիպտոս», «Ծաղկեպսակ«, «Դուռ», Երվանդ Մուրադյանի «Աշուն», «Եկեղեցի», «Սուրբ Օձնեցի, Իրինա Խաչատուրովայի «Ձկներ», «Դիմանկար», ինչպես նաեւ Սերգո Միկիրտումովի, Իլոնա Մինասովայի, Զուրաբ Ջանիաշվիլիի, Սերգեյ Վարշլեւիչի, Գայանե Մանասյանի, Դավիթ Շահբազովի եւ այլոց աշխատանքների վարպետությամբ:

Ելույթ ունենալով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարեւորեց այն սերն ու կարողությունը, որ Ներսեսով նկարիչը կաթիլ առ կաթիլ ներարկում է իր սաների մեջ, բացելով նրանց առջեւ գեղանկարչության գաղտնիքները, սովորեցնելով նրանց գրագետ ստեղծագործելու կամքն ու հմտությունը:

Խոսելով Ռոբերտ Ներսեսով գեղանկարչի բնատուր տաղանդի եւ ստեղծագործական վառ երեւակայության մասին, խեցեգործ Լեւոն Օսիպովը, գեղանկարիչ Ջովանի Վեփխվաձեն ընդգծեցին   Ներսեսովի հարուստ ներկապնակի, լույսի ճիշտ ներդաշնակության, գույների համադրության վարպետությունը, թերեւս արվեստագետի ամենամեծ նվաճումն անվանեցին տասնյակ սաների   գեղանկարչության ճիշտ   ճանապարհի ուղղորդելը, իսկ մանկավարժի ամենամեծ գնահատականը՝ աշակերտների նվիրումը գեղանկարչությանը:

Օրհնության եւ արժեվորման իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց այն մեծ աշխատանքը, որ Ներսեսով նկարիչ-մանկավարժը կատարում է իր սաների գեղագիտական դաստիարակության գործում, հայկական գեղանկարչության թբիլիսյան դպրոցի ավանդույթները նրանց հաղորդելու միջոցով պահպանելու եւ սերունդներին հանձնելու վսեմ առաքելությամբ:    

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում «Ռոբերտ Ներսեսովի եւ նրա սաների աշխատանքների» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը: