1eng

 

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը մասնակցեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին PDF Print E-mail

482097 247451582038328 666647971 n

ՀՀ Սփյուռքի նախարարության 2012 թվականին նախատեսած եւ ձեռնարկած ազգապահպան բազում միջոցառումներից մեկը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն է, որը նպատակամղված է հայրենիք բերելու եւ ընդհանուր երկնքի ներքո համախմբելու մշակութային այն խմբերին եւ գործիչներին, որոնց անդուլ ջանքերով, ստեղծագործական նվիրումով հայրենիքից դուրս պահպանվում է հայերեն խոսքը, երգն ու պարը, նվագարաններն ու ընդհանուր առմամբ հայ մշակույթը:

Այս տարի «Իմ Հայաստան» նշանաբանով ընթացող համահայկական փառատոնի բաժիններից մեկը նվիրված էր պարարվեստին, որին ի թիվս աշխարհի 13 երկրներից ժամանած հայկական պարային 34 համույթների, մասնակցում էին նաեւ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պարային համույթները:

602660 247452235371596 1532083475 n

Հուլիսի 9-ին Երեւանում, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ընդգրկվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը, պարուսույց Սվետլանա Երիցյան: Համույթին ուղեկցում էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը եւ տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանը: Համապատասխան փառատոնային զգեստավորում ստանալուց հետո համույթն ուղեւորվեց Եղեգնաձոր: Այստեղ Բուլղարիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Նինժնի Նովգորոդի եւ Մոսկվայի պարային համույթների հետ պատրաստվեց բացօթյա համերգի, որը պետք է դառնար նրանց կատարողական արվեստի յուրօրինակ ստուգատես:

Պարային համույթները այդ օրը հանդես էին գալու հայկական ազգագրական պարի 3-ական համարով: Ուրախալի է եւ հպարտացնող, որ բացառության կարգով, «Ջեյրան» համույթը արժանացավ նաեւ չորրորդ համարով՝ «Իմ հայաստան» կոմպոզիցիայով համերգը եզրափակելու պատվին:

Կատարողական բարձր արվեստ, ներդաշնակ եւ ճիշտ շարժումներ, նաեւ հիանալի արտիստիզմ- այս էր «Ջեյրան» համույթի ելույթի գնահատականը, որ արտահայտվեց բուռն ծափողջույններով եւ կրկին ու կրկին բեմահարթակ հրավիրելու հանդիսատեսի պահանջով: Ուստի բնականոն էր մայր թատրոնի՝ Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում ազգային գեղահմա «Ճախրանք» պարով մասնակցությունը »Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի բաժնի հանդիսավոր փակմանը :

Պարտավորեցնող, նաեւ հպարտացնող այս ելույթը հատկապես ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հ.Հակոբյանի եւ մյուս պատվավոր հյուրերի ներկայությամբ, ավարտվեց գերազանց: Արժանանալով տիկին Հ.Հակոբյանի բարձր գնահատանքին, ջեյրանցիները, պարուսույց Ս.Երիցյանի գլխավորությամբ, ստացան փառաատոնին մասնակցության հավաստագրեր եւ նվերներ:

Սակայն այցելությունը ՀՀ մայրաքաղաք չսահմանափակվեց միայն փառաատոնին մասնակցությամբ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի, տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանի, պարուսույց Սվետլանա Երիցյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին այցելություններ Ծիծեռնակաբերդ, «Մատենադարան», մայրաքաղաք Երեւանի տեսարժան վայրեր:

Հարուստ տպավորություններով եւ գոհ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցությունից եւ ելույթից, «Ջեյրան»» համույթը վերադարձավ Թբիլիսի՝ ասպարեզը թողնելով Վիրահայոց Թեմի «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան համույթին, որը մասնակցելու է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային բաժնին: