Վիրահայոց թեմում նշվեց Վարդավառը |
Հուլիսի 15-ին մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավիթն ու բակը: Կիրակնօրյա Սուրբ պատարագի եկած ժողովուրդը միմյանց շնորհավորում էր Վարդավառի տոնի կապակցությամբ: Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվել, սակայն պահպանել է իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով, որն, ըստ Ավետարանի տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է, նշվում է մեծ շուքով եւ համարվում է ընտանեկան տոն: Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանվել է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:
Եվ ահա հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի,, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը հայտարարեց «Վարդավառին» նվիրված տոնակատարության սկիզբը: Ու տարածվեց երգն ու երաժշտությունը, ուրախ պարն ու «Վարդավառին» հատուկ ջրցանությունը: Ու ցողվում էր վարդավառյան ջուրը ահելի ու ջահելի, անցորդի ու մասնակցի վրա, բերելով ուրախություն եւ առաջացանելով ծիծաղ ու հրճվանք : «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կազմակերպիչ Նարինե Ղուշչյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, համակարգող Լեւոն Չիդիլյանի եւ տեխնիկական պատասխանատու Վալերի Բադալյանի ջանքերով ավանդական Վարդավառը Վիրահայոց համայնքում դարձավ իրավամբ ժողովրդական ուրախության օր: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան համույթի (խմբավար Մարա Աբուլյան) սիրողական պարային խմբի (պարուսույց Նարինե Ղուշչյան), մենակատարներ Նինա Կարապետյանի, Անի Ղուշչյանի, Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի ժողովրդական երգի-պարի կատարումները ներդաշնակվում եւ խթանում էին ժողովրդական ուրախ տրամադրությունը: Իսկ ավանդական «Քոչարին» շուրջպարի մեջ էր առնում հանդիսատեսին: Վարդավառը իսկական ժողովրդական տոնի վերածվեց Սամցխե-Ջավախքի նահանգի հայաբնակ շրջաններում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում Վիրահայոց Թեմի Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցված կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո , սկսվեց վարդավառյան տոնն ու ամենուրեք տարածվեց երգն ու պարը, ջրցանության ավանդական սովորությունը, ուրախություն եւ բարձր տրամադրություն ստեղծելով բնակչության շրջանում: |