1eng

 

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն« կենտրոնում կայացավ հայ համայնքի անդրանիկ կլոր սեղանը PDF Print E-mail

131741 283494208434065 1838620968 o

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն« մշակույթի կենտրոնի և Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կլոր սեղան: Միջոցառման նպատակն էր   Վրաստանի վերջին ժամանակաշրջանի զարգացումներից ելնելով, վեր հանել Վրաստանի համայնքային կյանքի հիմնախնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները:

Կլոր սեղանին մասնակցում էին Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչները: Ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն« մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները:

334442 283494071767412 1148666197 o

Բացելով կլոր սեղանը, «Հայարտուն« մշակույթի կենտրոնի   համակարգող Լևոն Չիդիլյանը, ներկաներին ծանոթացրեց կլոր սեղանի նպատակի, ընթացակարգի, ելույթների ժամանակակարգի որոշ մանրամասնությունների հետ, ներկաներին և ելույթ ունեցողներին կոչ անելով պահպանել այդ կանոնները, քանզի   սա վիրահայոց կյանքում նման ձևաչափով անցկացված առաջին բաց քննարկումն է:

Կարևորելով   բաց քննարկումների անհրաժեշտությունը համայնքային կյանքում, Սրբազան Հայրը նշեց, որ Հայոց Եկեղեցին այն կառույցն է, որը տալիս է իր շուրջը համախմբվելու, համայնքային կյանքը կենտրոնացնելու հնարավորություն, ինչը նաև վիրահայությանը որպես համայնքային կառույց ձևավորվելու գրավականն է: Ազգանվեր գործունեություն, հայապահպանություն, հավատարմություն Հայ Առաքելական Եկեղեցուն, նվիրվածություն մայր հայրենիքին և այն երկրին ու նրա պետությանը, որի քաղաքացիներն եք դուք - ահա սա պետք է լինի հայ համայնքի գործունեության նպատակը,- եզրափակեց իր խոսքը Վիրահայոց Թեմի Առաջնորդը:

Այնուհետև Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Սլավա Մեժդոյանը   ներկաներին հանգամանորեն ներկայացրեց Վրաստանի անկախացումից հետո   վիրահայ համայնքային կյանքում տեղի ունեցած   բացասական տեղաշարժերը, մեկ առ մեկ   վիճակագրական տվալներով ցույց տալով տարբեր բնագավառներում վերջին տասնամյակների ընթացքում ամրագրված փոփոխությունները:

Բովանդակալից զեկույցին հետևեցին ազատ և բաց, անկաշկանդ ելույթները, ներկաների կողմից բարձրացնելով   այն հիմնախնդիրները, որ այսօր առկա են վիրահայ համայնքում: Դրանք են Վրաստանի քաղաքացիության և ազգային պատկանելության, լեզվի, հավատքի, մշակույթի, եկեղեցիների հարցերը, տեղեկատվության, տարածաշրջանային խնդիրները:

Ունկնդրելով ելույթ ունեցողների առաջարկությունները, որոշվեց նման քննարկումները դարձնել շարունակական, քննարկման առանձին առարկա դարձնելով նշված թեմաները, որից հետո խնդիրը ներկայացնել և դրա լուծման ուղիներին մասնակից դարձնել նաև պետական կառույցներին:   Վերոհիշյալ կլոր սեղանի ընթացքում ակնհայտորեն դրսևորվեց այն, որ   վիրահայ համայնքում ձևավորվում է համատեղ ուժերով   գործելու նոր կուլտուրա: Դա է առողջ քննարկումների, փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության վրա հիմնված գործնական մոտեցումներով գտնել համայնքային կյանքի հիմնախնդիրների լուծման ուղիները:  

Ներկաների որոշմամբ հաջորդ կլոր սեղանի քննարկման թեմա նախանշվեց հայեցի դաստիարակությունը, մայրենի լեզվով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: