Աշնան գեղեցկությունը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում |
Նոյեմբերի 22-ին աշունը տեղափոխվել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ: Տարվա այս գեղեցիկ եղանակը ստեղծել էին երեխաները: Իհարկե, իրենց դաստիարակների և դիզայներ և նախակրթարանի աջակից Ասյա Հարությունյանի հարուստ երևակայության և ձևավորման շնորհիվ: Դեղին ու կարմիր տերևներով «ծառեր», աշնան պատկերներով գեղեցիկ նկարներ, որ պատրաստել էին մշակույթի կենտրոնի գեղարվեստական ստուդիայի սաները՝ ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու օգնությամբ: Եվ տարբեր մրգերին համապատասխան հագուստով զուգված երեխաներ՝ հայտնի նկարիչ Գիորգի Մանոյանի պատրաստած տարբեր մրգերի գեղեցիկ պատկերներով: Աշնանային թագավորությունը հագեցած էր հպարտորեն շարված առատ մրգերի զմբյուղներով:
Մրգահանդեսը դիտելու էին եկել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրերը, ծնողներ, հյուրեր: Իսկ համակարգչային կայք-էջերի պատասխանատու Վալերի Բադալյանը և օպերատոր Գարի Մանոյանն իրենց կախարդական սարքերով նկարահանում և լուսանկարում էին մրգահանդեսը: Մինչև հանդիսության սկսվելը, կենտրոնի մրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, ներկայացրեց նախակրթարանի գործունեության նպատակը: Նա կարևորեց այն, որ հայ երեխաները, ովքեր նախնակական կրթություն են ստանում կենտրոնում նաև անցնում են նախապատրաստական դասընթաց հայերենից, քանզի նպատակը մեկն է՝ սաներ պատրաստել հայկական դպրոցների առաջին դասարանների համար: Նա շնորհակաություն հայտնեց ծնողներին, ովքեր ըմբռնելով մայրենի լեզվով կրթության նշանակությունը, իրենց երեխաներին ուղղորդել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան այս նախակրթարանը և սիրով աջակցում են իրենց երեխաների հայեցի դաստիարակությանը: Այնուհետև սկսվեց նախակրթարանի կրտսեր և ավագ խմբերի սաների մրգահանդեսը: Ցուցադրվեց մրգերով հարուստ թագավորությունը, որտեղ թագուհին տարբեր մրգերից պետք է ընտրեր թագավորին: Այդ մրգերը,որոնք ներկայացնում էին երեխաները, անպայման պետք է ցուցադրեին իրենց գեղեցկությունն ու հատկանիշները: Մեկ առ մեկ դիտելով բոլոր մրգերին,«թագուհին»գոհ է մնում նրանցից և մրգահանդեսն ավարտվում է ուրախ խնջույքով, որտեղ միրգ-երեխաները Հովհաննես Շահնազարյանի նվագակցությամբ, երգում են Լալա Գևորգյանի սովորեցրած երգերը և պարում Նարինե Ղուշչյանի վարժեցրած պարերը: Մրգահանդեսի ավարտին հնչեց նաև «Տերունական աղոթքը» որ սերտել էին երեխաները Գևորգ սարկավագ Անտոնյանի շնորհիվ: Վերջում ներկաներին ուղղված իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդը կարևորեց մայրենի լեզվով կրթության դերն ու նշանակությունը իսկական հայորդի մեծանալու հարցում, շեշտելով որի նախաշավիղը սկսվում է այս նախակրթարանում: Նա ցավով նշեց հայկական դպրոցների նախադպրոցական կրթության ուսուցիչների անտարբերությունն այն հաստատության նկատմամբ, անտեսելով, որ այստեղ են պատրաստվում իրենց դպրոցների ապագա սաները: Մրգահանդեսն ավարտվեց աշնան բարիքների և գեղեցիկ տորթի հյուրասիրությամբ: |