Վիրահայոց Թեմի հոգևոր դասի և պաշտոնեության համատեղ ժողով Ջավախքում |
Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի առաջնորդարանում, ընթացիկ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ Թեմի հոգևոր դասի և պաշտոնեության համատեղ ժողով: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով և օրհնության խոսքով բացվեց ժողովը և օրակարգի հաստատումից հետո ատենապետությունը ստանձնեց Սամցխե – Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը: Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայ համայնքների հոգևոր հովիվները ներկայացրեցին անցնող տասնմեկ ամիսների գործունեությունը: Հատկանշական էր Սամցխե-Ջավախքի հոգևոր հովիվների առաքելությունը հատկապես գյուղական համայնքներում. յուրաքանչյուր քահանա հովվում է 10-25 համայնք, հետևում է տեղում վերականգնվող եկեղեցիների շինաշխատանքներին, կազմակերպում բազմաբնույթ
միջոցառումներ: Տեղեկացվեց, որ բարվոք գործում են կիրակնօրյա դպրոցները և Արակովա գյուղի մանկապարտեզը: Թբիլիսիի և Բաթումիի հոգևոր հովիվները զեկուցեցին եկեղեցական, կրթա-մշակութային աշխատանքների մասին: Քահանաների կողմից կարևորվեց անհատական խոստովանության կարգի ամրապնդումը, համայնքային կյանքում երիտասարդության հետ համագործակցությունը, եկեղեցական տոները տոնախմբության վերածելով՝ մարդկանց եկեղեցուն մերձեցնելը, ծիսաարարողությունները քրիստոնեական քարոզչության ամբիոն դարձնելը, ինչպես նաև լրատվության միջոցները ավետարանական պատգամների համար օգտագործելը: Հնթացս խորհրդաժողովի, քննարկվեցին նաև ծիսաարարողակարգային, կարգապահական և նոր նշանակումների հարցեր: Խոսվեց Սիրիայի հայությանը օգնելու, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվելու մասին: Առաջնորդ Հայրը դրական գնահատեց հոգևոր դասի գործունեությունը և հորդորեց հետևողականորեն կյանքի կոչել Տիրոջ խաչով օրհնված եկեղեցաշունչ ու ազգանպաստ տեսիլքներն ու երազանքները: Այնուհետև ելույթ ունեցան պաշտոնեության ներկայացուցիչները: Խոսելով Վիրահայոց Համայնքի մասին, կարևորվեց եկեղեցիների, «Հայարտուն» կենտրոնի, Վրաստանի արվեստի միությունների Հովհ. Թումանյանի անվան «Վերնատուն» կենտրոնի ուղղությամբ տարվող աշխատանքը: Հանգամանալից խոսվեց տարածաշրջանների ու մայրաքաղաքի հայկական կառույցների միջև համագործակցության խորացման մասին: Անդրադարձ եղավ Թեմի հեռավոր համայնքներում Թբիլիսիի հոգևոր դասի մասնակցության, արտագնա պատարագների մատուցման շարունակականության, շրջաններում կրթա-մշակութային միջոցառումների կազմակերպմանը: Բարձրացնելով առանց միջնորդների պետական կառույցների հետ գործելու անհրաժեշտությունը, որոշվեց Վրաստանի նոր իշխանություններին ներկայացնել համայնքային կյանքի խնդիրները և դրանց լուծման ուղիները: Առաջնորդի կողմից հորդորվեց հոգևոր սպասավորներին և պաշտոնեությանը՝ աշխուժացնել աշխատանքը կրթական հաստատությունների հետ, թեմական կառույցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք տանել նյութական միջոցներ հայթայթելու համար: Առաջարկվեց նոր մոտեցումներ մշակել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հուղարկավորության հարցերի կարգավորման, սեփական տեղեկատվական միջոց ստեղծելու խնդրի լուծման ուղղությամբ: Սրբազան Հայրը կարևորեց եկեղեցական դասի և աշխարհիկ պաշտոնեության փոխհամագործակցությունը Վրացական Ուղղափառ Եկեղեցու, վրաց պետության, միջազգային կազմակերպությունների և Վրաստանում ՀՀ դեսպանության հետ: Թեմակալ Առաջնորդը օրհնության և գնահատանքի խոսք հղեց ՀՀ Սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի նախարարություններին, Գ. Գյուլբենկյան հաստատության, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամին, «Հայարտան», Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգաբարձուների խորհուրդներին և անհատ բարերարներին՝ թեմի առաքելությանը աջակցելու համար: Հոգևոր դասի և պաշտոնեության համատեղ ժողովը փակվեց միասնական աղոթքով: |