ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ |
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը դեսպանության հուշանվերներ և շնորհակալագրեր հանձնեց վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրվել է ակտիվ հասարակական գործիչ Միքայել Ավագյանը: Վիրահայոց շրջանում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սկզբունքների տարածման և վիրահայության շրջանում քրիստոնյա հավատքի խորացման, համայնքային կյանքում ծավալած ակտիվ գործունեության համար Վրաստանում ՀՀ դեսպանության հուշանվերների արժանացան Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքում ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը: Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրեր ստացան Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Առաջնորդարանի տնտեսական և շինարարական գործերի կառավարիչ Կարեն Երիցյանը: Մանկավարժական բեղմնավոր աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության և կրթության, հայապահպանության բնագավառում «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ուսուցչուհիներ Լալա Գևորգյանը և Նարինե Ղուշչյանը: Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլոր պարգևատրվածներին , ցանկանալով նրանց նոր ուժ ու եռանդ ազգանվեր գործունեությունում:
|