1eng

 

fb you od

Վրաստանում գործող հայկական հասարակական և կրոնական կազմակերպությունները 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության հարցի քննարկման խնդրանքով դիմել են Վրաստանի խորհրդարանին PDF Print E-mail

Armenian

2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում, պետական մակարդակով պլանավորված ոչնչացման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«1915-1923 թվականներին իրականացված ծրագրի արդյունքում, հայ ժողովուրդը ունեցավ 1.500.000-ից ավելի մարդկային կորուստ և կորցրեց իր հայրենի հողի մեծ մասը: Թուրքիայի իշխանությունների կողմից 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությունը որակավորվում է որպես ցեղասպանություն՝ հանցագործություն մարդկության դեմ: Այդ մասին վկայում են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ իրավաբանական ուժ ունեցող: Դեռևս 1915 թվականի մայիսին, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես եկան միասնական Հռչակագրով, որով Թուրքիայում ընթացող հայերի կոտորածը անվանեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված նոր հանցագործություն»: Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հարցը քննարկվել է 1919 թվականին, Փարիզի խաղաղական կոնֆերանսում: Այս կոնֆերանսի աշխատանքի շրջանակներում հրավիրվեց ռազմական դատարան, որի նպատակն էր պարզել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված ոճրագործության հանգամանքները և բացահայտել հանցագործներին: Ռազմական դատարանը Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչներին մեղավոր ճանաչեց և նրանց նկատմամբ կայացրեց մահվան դատավճիռ: Հայոց ցեղասպանության ապացույցն է նաև 1920 թ. Սևրի պայմանագիրը:

Հայոց Ցեղասպանության փաստը դարձավ 1943 թ. Ռաֆայել Լեմկինի կողմից մշակված և 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունված 260 A(III) բանաձևի հիմք, որով ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին հռչակագիրը»: 1993 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանը, վավերացրեց նշյալ Հռչակագիրը:

Ներկայումս, Հայոց Ցեղասպանությունը, համապատասխան բանաձևերով և որոշումներով ճանաչվել է աշխարհի 20-ից ավելի առաջատար երկրների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական Խորհրդարանի, Եվրախորհրդի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից: 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում (ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել և այլն):

-Մենք՝ ստորև ստորագրողներս, Վրաստանում գործող հայկական հասարակական և կրոնական կազմակերպություններս, արդարության և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալով, կոչ ենք անում միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին, հարգել Վրաստանի քաղաքացիների կամքը և Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված կարգով, 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման նախաձեռնությամբ ներկայանալ երկրի օրենսդրական մարմնում», - նշված է կոչի մեջ:

Հիշեցնենք, որ արդեն 10 տարի շարունակ, Վրաստանում գործող հայկական կազմակերպությունները դիմում են Վրաստանի օրենսդրական մարմիններին 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության հարցի քննարկման խնդրանքով: Չնայած բազմաթիվ դիմումներին, Վրաստանի Խորհրդարանն առ այսօր անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի 6%-ի կամքը:

Դիմումը ստորագրում են հետևյալ կազմակերպությունները.

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմ, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն, «Վրաստանի հայ համայնք», «Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ», Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոն, «Թբիլիսահայերի վեհաժողով», «Վիրահայերի ազգային կոնգրես», «Վրաստանի հայերի միություն», «Թբիլիսիի հայերի միություն», «Աջարիայի հայ համայնք», «Վրաստան» թերթ», «Հայ-վրաց գործարարների միություն», Ախալցիխեի երիտասարդական կենտրոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միություն, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միություն, «Վիրահայերի միություն»- ավելի քան 30 կազմակերպություն և մտավորականներ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)