1eng

 

fb you od

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հանդիպում հայ օտարալեզու ստեղծագործողների հետ PDF Print E-mail

406531 155762837873870 1567680190 n

«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնն էր՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, «Կամուրջ» գրական մշակութային կազմակերպության, Վրաստանի հայ մտավորականների միության հետ համագործակցությամբ:

Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական մշակութային տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը, նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեն, վիրահայ ստեղծագործողներ եւ մտավորականության ներկայացուցիչներ:

427523 155764424540378 1565560403 n

Երեկոն վարում էր բանաստեղծ-թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը: Արտեմ Գրիգորենց (Կիրակոզով) ստեղծագործողը, որ գրական տարբեր ժանրերով իր գործերում ցույց է տալիս կյանքի երեւույթները, երեկոյին ներկայացավ իր առակներով եւ Հավլաբարում բնակվող հայի առօրյան պատկերող «Գործդ պրծա՛ր քեֆ արա» նովելով:

Առանձնապես հուզիչ էր Վալերի Հունանյանց ժուռնալիստ–գրողի «Վիկ-Ռուիլ բուժարանի այցելուն» սրտառուչ դրաման, որը մեծն Կոմիտասին նվիրված հայի սրտի ցավի եւ վշտի արտահայտություն է:

Հավաքվածները վերստին սիրով ունկնդրեցին հանրահայտ բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի պոեզիան, որը հագեցած է հայ ժողովրդի պատմությանը, ներկային, Արցախյան շարժմանը եւ Շուշիի հաղթանակին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններով:

Իրավամբ հաճելի անակնկալ դարձավ հանդիսատեսի համար հարուստ եւ խոհական գրական աշխարհ ունեցող երիտասարդ բանաստեղծ Միքայել Անանովի հայերենով ընթերցած իր բանաստեղծությունները:

Երեկոյի մասնակիցների վրա վառ տպավորություն գործեց Գարրի Ղալամքարովի Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված վրացերեն ձոնը:

Օտարալեզու ստեղծագործողներին շնորհավորեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:

Օտար լեզվով գրող, բայց հոգով ու էությամբ հայ ստեղծագործողներին իր օրհնությունը բերեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Երեկոն համեմված էր դուդուկահար Վանո Մկրտչյանի, դաշնակահարներ Կարեն Միրզոյանի, Պավել Օգանեզովի հայ դասական երաժշտության նմուշների գեղեցիկ կատարումներով: