1eng

 

fb you od

Հոգեհանգիստ անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ PDF Print E-mail

7

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումները Թբիլիսիի հայ համայնքում կայացան ապրիլի 24-ին: Անմեղ զոհերի հիշատակի օրը Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:

Պանթեոնում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ տեղադրեցին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը ներկա էին նաև Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության անձնակազմը, հոգեւոր դասը և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Սգո Պատարագ Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիներում

 

Ապրիլի 24-ին Թբիլիսիում գործող երկու՝ առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվեց Պատարագ, որի խորհուրդը ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժությունն էր: Սուրբ Էջմիածնի եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցված Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության աշխատակիցներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք:

 

Խաղաղ հանրահավաք Թուրքիայի դեսպանության մոտ

 

16

Հաջորդիվ տեղի ունեցավ «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված հանրահավաքը Թուրքիայի դեսպանության առջև: Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության դրոշներով, Հայոց Մեծ Եղեռնը դատապարտող եւ փոխհատուցում պահանջող ցուցապաստառներով տարբեր տարիքի հայորդիների մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղ հանրահավաքի պահանջը ցեղասպանության ընդունումն էր եւ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը:

Հանրահավաքին մասնակցում էին Վրաստանում գործող հոգեւոր դասը, համայնքային տարբեր կազմակերպությունների անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Թբիլիսիում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին իրենց զորակցությունը հայտնելու մեր հայրենակիցներին: Ուշագրավ է, որ այս տարի ավելի մեծ էր հանրահավաքին մասնակցող հայերի թիվը, որոնց շրջանում կային տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ:

 

Հուշ երեկո՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին

 

Նույն օրը երեկոյան Թբիլիսիի «Մուսա» մշակութային կենտրոնում, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնությամբ, «Արայ-Վրաստան» եւ «ԱրայՀայաստան» ընկերությունների հովանավորությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, կայացավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Մինչեւ երեկոյի սկսվելը, ներկաներին դիմեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա ապրիլի 24-ն անվանեց ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլեւ ի ցույց աշխարհի զարգացող Հայաստանի Հանրապետության, կառուցվող ու ծաղկող Արցախի շուրջ համախմբման օր: Դեսպանը ոգեկոչելով նախնիների հիշատակը, կարեւորեց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի, արդարության հաստատման եւ կեղծիքը հերքելու հայերի պահանջատիրական իրավունքը:

Երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի, Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, Վիեննայի կոնսերվատորիայի ասպիրանտ Ծովինար Ամիրյանի եւ դաշնակահար Անուշ Բալասանյանի կատարմամբ հնչեցին Բախի, Բեթհովենի, Կոմիտասի, Խաչատրյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից հատվածներ:

Ապրիլի 24-ը ինչպես ամենուրեք, այնպես էլ վիրահայ համայնքում, դարձավ հայ ժողովրդի գաղափարական միասնության օր: