1eng

 

fb you od

Սուրբ Հարության տոնը Թբիլիսիում PDF Print E-mail

IMG 0466-zatik

Ապրիլի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով, հանդիսավորությամբ եւ մեծ շուքով նշանավորվեց նաեւ Վիրահայոց Թեմում: Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի եւ Թբիլիսիի եկեղեցիներում հավուր պատշաճի կատարվեցին Ավագ շաբաթվա եւ Սուրբ Զատկի բոլոր արարողությունները: Իսկ ապրիլի 7-ի երեկոյան, ճրագալույցի Ս. Պատարագից հետո, Թբիլիսիի գործող երկու՝ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եւ Սուրբ Էջմիածնեցոց եկեղեցիների բակերում բացվեցին տոնական սեղաններ եւ Սուրբ Հարության Ավետիսով տեղի ունեցավ հարյուրավոր հավատացյալների հյուրասիրություն:

IMG 0475-zatik

Քրիստոնյա աշխարհի հոգեթով տոնի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, կիրակնօրյա տոնական Ս. Պատարագին, որն ընթացավ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, ներկա էին համայնքային ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ հավատացյալներ:

Կրոնի եւ դավանանքի ազատությունը մարդ-քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր գրավականն է: Իր երկրի հայազգի քաղաքացիներին Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորել էր երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Իսկ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան եւ Վրաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի ուղեկցությամբ, այցելեցին Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի եւ տոնական Ս. Պատարագի ավարտին հայ հավատացյալներին շնորհավորեցին Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ: Դիմելով հայ հավատացյալներին, քաղաքապետը նշեց, որ երկու քրիստոնյա ազգերը՝ հայերն ու վրացիները թե ուրախության եւ թե փորձության ժամին եղել են կողք-կողքի: Խոսելով Թբիլիսիի կայացման գործում թբիլիսահայերի ներդրման մասին, նա նշեց, որ կարեւոր չէ, թե ով երբ կնշանավորի տոներն ու իրադարձությունները, կարեւորը նրանց նվիրվածությունն է այն վայրին, որտեղ ապրում են:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայ հավատացյալների անունից շնորհակալություն հայտնեց քաղաքապետին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար եւ իր հերթին վրաց հավատացյալներին շնորհավորեց Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, որն ըստ Ուղղափառ Եկեղեցու տոնացույցի նշվեց ապրիլի 8-ին:

Սուրբ Հարության տոնի առթիվ Վիրահայոց Թեմին եւ նրա առաջնորդին շնորհավորական ուղերձներ են հղել ոչ միայն տեղի քրիստոնեական համայնքների ղեկավարները, այլ նաեւ Վրաստանի իսլամական համայնքի առաջնորդները:

Պատարագի ընթացքում Ս. Հարության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն՝ ուղղված աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին, ընթերցեց Վիրահայոց հոգեւոր Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սուրբ Պատարագից հետո Սուրբ Հարության տոնով հոգենորոգ հայերը վերադարձան իրենց տները: