1eng

 

fb you od

Ախալցիխեում բացվեց Վահրամ Գայֆեճյանի հուշաքարը PDF Print E-mail

272120 271167336333419 557363232 o

Սերունդները պետք է գիտենան ազգի լավագույն զավակների մասին: Ավագ սերունդը պետք է հոգա իր արժանավոր հայրենակիցների   անունը այն երկրի, քաղաքի, փողոցի ու տան մասնիկը դարձնելուն, որտեղ ծնվել և   ստեղծագործել են նրանք ու դարձել ծննդավայրի հպարտությունը: Ահա   այս գաղափարի իրականացման գեղեցիկ վկայություն դարձավ սեպտեմբերի 22-ին   Ախալցիխեում կայացած հանդիսությունը, որը նվիրված էր հայ մեծ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանի հուշաքարի բացմանը: Մեծ գեղանկարչի անունը   նրա սիրելի քաղաքի վկայություն դարձնելու մտահղացումը Ախալցիխեի ստեղծագործողների միությանն էր, որի իրականացմանը օժանդակեցին և աջակցեցին Ախալցիխեի տեղական իշխանությունները, մունիցիպալիտետը: Հուշաքարը բացվեց հենց այն տան պատին, որտեղ ծնվել եւ մեծացել էր մեծ նկարիչը: Իսկ Վահրամ Գայֆեճյանի գեղեցիկ ձևավորված, բարձրաճաշակ հուշաքարի հեղինակը Ախալցիխեի Ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանն է:

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին,Ախալցխեի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ այլ պետական գործիչներ: Հանդիսությանը իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սփյուռքի Նախարարության Կովկասյան բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, «Կարին» երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանը, Վիրահայոց թեմի մշակույթի գործիչների և մտավորականների կազմով պատվիրակությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ, հոգեւորականներ, գործարարներ ու մտավորականներ:
Վահրամ Գայֆեճյանի հուշաքարի բացումը վստահվեց Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` Հովհաննես Մանուկյանին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ` Իվանե Ծիկլաուրիին եւ  նկարիչ Վահրամ Գայֆեճյանի դստերը, ովքեր միասին հանեցին կտավը հուշաքարից:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին եւ նշեց, որ վրացական հարուստ մշակույթը հարուստ է նաեւ նրանով, որ դրա զարգացման ճանապարհին իրենց մշակութային մեծ հետքն  ու ներդրումն են ունեցել Վրաստանի տարբեր ազգերի ներկայացուցիչները:
Հուշաքարի հանդիսավոր բացումից հետո միջոցառումը շարունակվեց Ախալցիխեի պետական դրամատիկական թատրոնում, որտեղ իրենց հիասքանչ կատարումներով հանդես եկան «Կարին» երգի եւ պարի ազգագրական համույթն ու կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանի երգչախումբը,Ախալցխեի վրացական դպրոցների պարային խմբերը: 
Ինչպես հուշաքարի բացումը, այնպես էլ Պետական Դրամատիկական թատրոնում տեղի ունեցած միջոցառումը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: