Ախալցիխեում բացվեց Վահրամ Գայֆեճյանի հուշաքարը |
Սերունդները պետք է գիտենան ազգի լավագույն զավակների մասին: Ավագ սերունդը պետք է հոգա իր արժանավոր հայրենակիցների անունը այն երկրի, քաղաքի, փողոցի ու տան մասնիկը դարձնելուն, որտեղ ծնվել և ստեղծագործել են նրանք ու դարձել ծննդավայրի հպարտությունը: Ահա այս գաղափարի իրականացման գեղեցիկ վկայություն դարձավ սեպտեմբերի 22-ին Ախալցիխեում կայացած հանդիսությունը, որը նվիրված էր հայ մեծ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանի հուշաքարի բացմանը: Մեծ գեղանկարչի անունը նրա սիրելի քաղաքի վկայություն դարձնելու մտահղացումը Ախալցիխեի ստեղծագործողների միությանն էր, որի իրականացմանը օժանդակեցին և աջակցեցին Ախալցիխեի տեղական իշխանությունները, մունիցիպալիտետը: Հուշաքարը բացվեց հենց այն տան պատին, որտեղ ծնվել եւ մեծացել էր մեծ նկարիչը: Իսկ Վահրամ Գայֆեճյանի գեղեցիկ ձևավորված, բարձրաճաշակ հուշաքարի հեղինակը Ախալցիխեի Ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանն է: Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին,Ախալցխեի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ այլ պետական գործիչներ: Հանդիսությանը իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սփյուռքի Նախարարության Կովկասյան բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, «Կարին» երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանը, Վիրահայոց թեմի մշակույթի գործիչների և մտավորականների կազմով պատվիրակությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ, հոգեւորականներ, գործարարներ ու մտավորականներ: |